Սիրուն գյուղի դատարկվող տները՝ Լալվարի խեթ հայացքի ներքո | Region

Սիրուն գյուղի դատարկվող տները՝ Լալվարի խեթ հայացքի ներքո

Օգոստոս 04,2026 18:00

Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղը գտնվում է Լալվար սարի հարավային լանջին՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորից 58 կմ հեռավորության վրա։ Սահմանակից է Վրաստանին: Գյուղի արևմտյան մասով հոսում է Կաճաճկուտ գետը: Այս տարածքում ձմեռները ցուրտ են և տևական, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։

Կաճաճկուտ գյուղում կա գրանցված 437 բնակիչ, սակայն փաստացի բնակվում է 242 մարդ։ Տեղի դպրոցում սովորում է 27 աշակերտ։

Գյուղի բնակիչ, մանկավարժ Սեյրան Պողոսյանը Regions TV-ի հետ զրույցում նշում է՝ Կաճաճկուտը շարունակաբար լքվում է․ 1900-ականներին արձանագրվեց արտագաղթի ամենամեծ ցուցանիշը, այնուհետ փոփոխական թվեր էին արձանագրվում։ Հիմա էլ ներքին միգրացիան է անհանգստացնում։ Հեռացող ընտանիքների հիմնական ուղղություններն են Երևանը, Վանաձորը, Ալավերդին և այլն։

Վիճակը, ըստ բնակիչների, ավելի կվատթարանա, եթե գյուղի դպրոցը փակվի։

Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Վերջին շրջանում այդ ոլորտը զգալի անկում է արձանագրել։ Երիտասարդները խուսափում են զբաղվել անասնապահությամբ, նախընտրում են տարբեր խոշոր քաղաքներում շինարարական աշխատանքներ կատարել։

Գյուղ տանող ճանապարհն անբարեկարգ է։ Ըստ Կաճաճկուտի վարչական ղեկավարի՝ ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը հաստատված է կառավարության կողմից, և իրենք սպասում են աշխատանքների մեկնարկին։ Այս տարի ընդլայնվել է լուսավորության ցանցը, բարեկարգվել է գյուղամիջյան մեկ ճանապարհահատված։

Regions TV-ին տեղում նկարահանումներ է իրականացրել՝ հանդիպելով նաև Կաճաճկուտի ամենատարեց բնակչին՝ 98-ամյա Նարգիզ Դալլաքյանին։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ