Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը
Հայաստանի էլեկտրական ցանցերը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
«Ինչպես ժամեր առաջ տեղեկացրել էինք, էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ, ինչի հետևանքով դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների և համակարգի օպերատորի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարումն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։ Շնորհակալություն ենք հայտնում բաժանորդներին ցուցաբերած համբերության և ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում։
