Միլանն ու Ինտերը չպարզեցին հաղթողին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
Իտալական «Միլանն» ու «Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում ընկերական հանդիպում անցկացրին։ Սկզբունքային մրցակիցների միջև կայացած դերբիում հաղթող չորոշվեց. գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, բացեց «Ինտերի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Դիմարկոն: Սակայն խաղավերջին մոտ՝ 84-րդ րոպեին, Քրիստոֆեր Նկունկուն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածն ու վերականգնեց հավասարությունը։
«Ինտերի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը փոխարինման մտավ ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին (փոխարինելով Ալեքսանդր Ստանկովիչին), և խաղադաշտում անցկացրեց երկրորդ խաղակեսն ամբողջությամբ։
Նշենք, որ իտալական երկու գրանդներն էլ իրենց հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 8-ին: Այդ օրը «Միլանը» ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ «Ինտերը» կմրցի Թուրինի «Յուվենտուսի» դեմ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
