Ի՞նչ անի գյուղատնտեսը, երբ ներդրումը եկամուտ չի ապահովում, իսկ բանկը չի սպասում
Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հետևանքով բազմաթիվ արտադրողներ զրկվել են բերքն իրացնելու հնարավորությունից։ Արտահանման ծավալների կրճատումը հանգեցրել է ներքին շուկայում գյուղմթերքի ավելցուկի ձևավորմանը, գների կտրուկ անկմանը և գյուղատնտեսների եկամուտների նվազմանը։
Ստեղծված իրավիճակից առավել տուժել են այն մարզերը, որտեղ գյուղատնտեսությունը բնակչության հիմնական զբաղվածության և եկամտի աղբյուրն է։ Արմավիրի մարզում, որտեղ մեծ ծավալներով մշակվում են լոլիկ, խաղող, ծիրան և այլ մշակաբույսեր, արտադրողները հայտնվել են անորոշության մեջ։ Արմավիրցի գյուղատնտեսները Regions TV-ի հետ զրույցում նշեցին՝ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար օգտվել են վարկային միջոցներից, կատարել զգալի ներդրումներ՝ ձեռք բերելով սերմացու, պարարտանյութ, վճարելով ոռոգման ջրի, վառելիքի և աշխատուժի համար, և այսօր իրենք կրում են զգալի ֆինանսական կորուստներ։
Սոցիալական լարվածության դրսևորումներից մեկը դարձավ հուլիսի 31-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցած բողոքի ակցիան։ Գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան ավտոմայրուղին՝ պահանջելով պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ քննարկելու համար լոլիկի իրացման խնդիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
