Անդրիաս Ղուկասյան. «ՀԱՊԿ-ից դուրս գալով Հայաստանը ոչինչ չի կորցնի» | Region

Անդրիաս Ղուկասյան. «ՀԱՊԿ-ից դուրս գալով Հայաստանը ոչինչ չի կորցնի»

Օգոստոս 06,2026 23:14

«Անշուշտ, ցանկացած կոնվենցիայի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, մասնակիցներից որևէ մեկի իրավունքները սահմանափակելու որոշումը կայացնում են տվյալ միության, տվյալ կոնվենցիայի մյուս անդամները։ Ուստի, Հայաստանը կմասնակցի՞ այդ նիստին, թե՞ոչ, էական չէ. ՀԱՊԿ-ն իրավունք ունի զրկելու ձայնի իրավունքից առանց Հայաստանի մասնակցության»,-REGIONSTV-ին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին չմասնակցելու պարագայում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման ընդունման հնարավորությունը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի ֆորմալ ներկայությունը նիստին պարտադիր պայման չէ ՀԱՊԿ-ում նրա կարգավիճակին վերաբերող որոշումներ կայացնելու համար։

«Որքան ինձ հայտնի է, նման որոշման առիթ է հանդիսանում այն, որ Հայաստանը անդամավճարներ չի վճարում այս կազմակերպությանը, և դա, ՀԱՊԿ ֆունկցիոներների տեսանկյունից, իրավական հիմք է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար»,-ասաց քաղաքագետը։

Օրերս ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ն կդիտարկի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Նա հայտարարել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկման մասին որոշումը կարող է ընդունվել միայն կազմակերպության անդամ պետությունների կոնսենսուսային համաձայնությամբ։ Նա չէր բացառել, որ դաշինքի անդամ պետությունների ղեկավարները կարող են քննարկել այս հարցը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Վասիլևը նշել էր, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության ձայնի իրավունքի և կազմակերպությունում պաշտոններում ներկայացուցիչներ առաջադրելու իրավունքի կասեցման հնարավորություն՝ ՀԱՊԿ-ի առջև երկու տարվա ֆինանսական պարտքի առկայության դեպքում։ Նրա խոսքով՝ «դե ֆակտ այս վիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին Քարտուղարությունում քվոտավորված պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից»։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հունիսի 6-ին հայտարարել էր ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության փաստացի դադարեցման մասին։ Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կազմակերպությունում անգամ քննարկում են անդամավճարների պարտքերի պատճառով նրան դուրս թողնելու (հեռացնելու) հարցը։

Հայաստանը 2024 թվականին է սառեցրել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որի կազմի մեջ մտնում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Ինչպես բացատրում էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել դաշնակիցների կողմից 2021-2022 թվականներին, ուստի Երևանը «սառեցրել է» մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Երևանի որոշմամբ՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբից հետ են կանչվել հանրապետության ներկայացուցիչները։ Եթե Հայաստանի ձայնը կասեցվի, դա նախադեպ կդառնա կազմակերպության համար։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն ռազմական միություն է, որը կոչված է պաշտպանելու մասնակից պետությունների տարածքները բռնազավթումից (օկուպացիայից)։

«Հայաստանի տարածքը բռնազավթված է, դա պաշտոնապես ճանաչված փաստ է։ Հայաստանը բախվել է այնպիսի իրականության, որ, լինելով ՀԱՊԿ անդամ, տեսնում է, թե ինչպես են կազմակերպության մյուս մասնակիցները աջակցում Ադրբեջանին և պատրաստ չեն որևէ քայլ ձեռնարկել Հայաստանի պաշտպանության համար, ուստի այս կազմակերպությունում համագործակցությունը շարունակելը կորցրել է իմաստը։ Պաշտոնական պատճառը հենց այն է, որ դաշնակիցների կողմից Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվել 2021-2022 թվականներին»,-ասաց քաղաքագետը։

Ղուկասյանը համարում է, որ իմաստ չունի վճարներ կատարել մի կազմակերպության, որը քեզ չի աջակցում, չի դիտարկում որպես դաշնակցի, ձևական մասնակցությունն այս կազմակերպությանը ոչինչ չի տալիս․« Այստեղ, ամենայն հավանականությամբ, հարցը Փաշինյանի և նրա թիմի վարքագիծը չէ, հակամարտության կողմ ընտրելու հարցը չէ՝ աջակցել Ռուսաստանի՞ն, թե՞ Եվրոպական Միությանը։ Հարցն այն է, որ իմաստ չունի ժամանակ, միջոցներ, ուժեր ծախսել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության կամ միջոցառումներին մասնակցելու վրա»։

Ղուկասյանի կարծիքով՝ այս կազմակերպությունը երբեք և որևէ կերպ չի պաշտպանի Հայաստանն արտաքին սպառնալիքներից, որովհետև Հայաստանի պոտենցիալ հակառակորդները՝ Թուրքիան և Ադրբեջանը, այս կազմակերպության անդամների մեծամասնության ռազմավարական գործընկերներն են․« Մենք հայտնվել ենք այնպիսի ռազմաքաղաքական միության մեջ, որտեղ մեծամասնությունը, գրեթե բոլոր մասնակիցները, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը շատ ավելի բարձր են դասում, քան Հայաստանի նկատմամբ ստանձնած շահերը։ Այս իրականությունը, թերևս, պետք էր ավելի վաղ տեսնել։ Այս իրականության հետ հայաստանյան իշխանություններն առերեսվեցին ուղղակիորեն և, ինձ թվում է, հանգեցին այն եզրակացության, որ դա ռեսուրսների անիմաստ ծախս է, և դրանից ոչ ոքի համար որևէ օգուտ չկա»։

Ըստ նրա՝  ՀԱՊԿ-ից դուրս գալու արդյունքում, կորուստների տեսանկյունից, Հայաստանը ոչինչ չի կորցնի, որովհետև Հայաստանը, մասնակցելով այդ կազմակերպությանը, իրականում ոչինչ չուներ․« Դա ֆիկցիա է, թե իբր այդ կազմակերպությունը կարող էր որևէ անվտանգություն ապահովել Հայաստանի համար, կամ գոնե նրա մասնակիցները համերաշխ կլինեին Հայաստանի հետ նրա որոշ հարցերում»։

Ղուկասյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամների շրջանում չկա համերաշխություն Հայաստանի հետ և ոչ մի հարցում, կարևոր քաղաքական, ռազմաքաղաքական հարցերը, որոնք նշանակություն ունեն Հայաստանի համար, ՀԱՊԿ մյուս մասնակիցների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի համար նույնպիսի նշանակություն չունեն․« Ես նորից կրկնեմ՝ թվարկված բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ ունեն, որոնք շատ ավելի բարձր են դասում, քան Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային պարտավորությունները։ Եվ սրանից արդեն բխում է ամբողջ մնացած քաղաքական իրականությունը»։

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները չունեին վճռականություն, այնպիսի քաղաքական կամք, որպեսզի պարզապես կանոնադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկեին և դուրս գային այն կազմակերպության կազմից, որում գտնվելը ոչինչ չի տալիս։․«Ուստի, ինձ թվում է, ընտրեցին այնպիսի ճանապարհ, որ դա այնպես երևա, իբր ոչ թե Հայաստանն է դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ Հայաստանին են հեռացրել ՀԱՊԿ-ից, զրկել այնտեղ ձայնի իրավունքից և այլն։ Դա վախկոտ քաղաքականություն է։ Իմ կարծիքով, բոլորի համար ավելի հասկանալի կլիներ, եթե կա որևէ միություն, որը քեզ չի համապատասխանում, այդ միության մեջ մտնող պետությունները քո դաշնակիցները չեն, պետք է ազնվորեն ասել՝ «ցտեսություն» և գնալ այլ ճանապարհով»։

Եթե Հայաստանը հեռացվի կազմակերպությունից, ինչպես նշեց քաղաքագետը, Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի, ինչպես նաև ՀԱՊԿ մյուս անդամների միջև կնքված համաձայնագիրը կարող է քաղաքական ազդեցություն ունենալ կամ չունենալ մյուս միջպետական հարաբերությունների վրա, քանի որ ՀԱՊԿ-ն ռազմական դաշինք է, որը նախատեսում է համագործակցություն անվտանգության ոլորտում։

«ՀԱՊԿ-ն չի շոշափում տնտեսության կամ սոցիալ-մշակութային նշանակության հարցեր, չի ընդգրկում որևէ այլ ոլորտ։ Սա ռազմական միություն է, և այս ռազմական միությանը Հայաստանի մասնակցության դադարեցումն ուղղակի կապ չունի մնացած ոլորտների հետ։ Ընդհանրապես պետք է նաև ի նկատի ունենալ, որ Հայաստանը, կարելի է ասել, չնչին տնտեսական կապեր ունի Ղրղզստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ։ Այն, որ Հայաստանն մինչ օրս չի դուրս եկել ՀԱՊԿ-ից, կապված է Վլադիմիր Պուտինի հանդեպ Փաշինյանի անձնական վերաբերմունքի և մեծ հարգանքի հետ։ Նա ընդգծում էր, որ Հայաստանը և իր կառավարությունը երբեք որևէ քայլ չեն ձեռնարկի Պուտինի ռեժիմի դեմ», նշեց Անդրիաս Ղուկասյանը։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ