Այս դեպքերի մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք է․ Սուրեն Պապիկյան | Region

Այս դեպքերի մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք է․ Սուրեն Պապիկյան

Օգոստոս 24,2026 16:22

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերում արձանագրվող մահվան դեպքերին, դրանց վիճակագրությանը, բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտությանը, ինչպես նաև վարժական հավաքների արդյունավետությանը։

Անդրադառնալով ԶՈւ-ում մահվան դեպքերի ինտենսիվությանն ու դրանց համար նախարարին մեղադրելու հանգամանքին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ հարցին միայն վիճակագրության տեսանկյունից նայելը ճիշտ չէ, սակայն բանակի պատմության ընթացքում ցուցանիշների համադրումն անհրաժեշտ է երևույթի դինամիկան հասկանալու համար։

Նախարարի փոխանցմամբ՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի վիճակագրությունը ըստ տարիների ունի հետևյալ պատկերը․

2015 թ․ – 7 դեպք

2016 թ․ – 19 դեպք (Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո)

2017 թ․ – 13 դեպք

2018 թ․ – 12 դեպք

2019 թ․ – 11 դեպք

2020 թ․ – 10 դեպք

2021 թ․ – 10 դեպք

2022 թ․ – 8 դեպք

2023 թ․ – 9 դեպք

2024 թ․ – 11 դեպք

2025 թ․ – 2 դեպք

2026 թ․ – 8 դեպք

«Սրանք ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերն են, որոնք վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Այս դեպքերի մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք է, ինչը մարտահրավեր է։ Անկախ նրանից, թե ով կլինի պաշտպանության նախարարը, այս ամենը պահանջում է համակարգային մոտեցում»,- ընդգծեց  Պապիկյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն արձանագրել է, որ որպես նախարար կրում է իր պատասխանատվության մասնաբաժինը, սակայն պատասխանատվություն են կրում նաև արատավոր բարքեր ձևավորողներն ու դրանց նկատմամբ թողտվություն ցուցաբերողները։

«Այսօրվա պատմություն չէ այն, որ բաղնիքում մի բան ընկավ ուրեմն վերջ, դրան ձեռք տալ չի կարելի, ես չեմ մեղավոր, որ մարտական  դիրքերում քնած զինվորին այլևս  ձեռք տալ չի կարելի։ Դուք երբևէ հետաքրքրվե՞լ եք թե Հայաստանում տարեկան քանի ինքնասպանություն է տեղի ունենում, ու համեմատեք մեր թվերի հետ, ես  վստահ եմ, որ չեք էլ արել, բայց ես պատասխանատու եմ, որ այդ բարքերն արմատախիլ անենք»,- նշեց նախարարը։

Խոսելով պահեստազորայինների պատրաստության մասին, Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ 25-օրյա վարժական հավաքների ձևաչափն այլընտրանք չունի։  Ըստ նախարարի՝ նախկին 3-ամսյա ժամկետի փոխարեն 25-օրյա մոդելի ընտրությունը նպատակ ունի նվազագույնի հասցնել քաղաքացիների աշխատանքային ու սոցիալական վնասները՝ միաժամանակ ապահովելով վերաադապտացիան բանակային կյանքին։ Նա փաստել է, որ ձևաչափն արդյունավետ է, թեև համակարգում խնդիրներ դեռևս պահպանվում են, և դրանց ուղղությամբ աշխատանքները շարունակական են։

 

Տիրուն Մարգարյան

Նորություններ