«ԱԺ-ում իրար հետ իրենց շահերի մասին են խոսում, տեսե՞լ եք, որ Արցախի ժողովրդի վիճակը քննարկեն»․արցախցիները բողոքի ցույց են անում | Region

«ԱԺ-ում իրար հետ իրենց շահերի մասին են խոսում, տեսե՞լ եք, որ Արցախի ժողովրդի վիճակը քննարկեն»․արցախցիները բողոքի ցույց են անում

Սեպտեմբեր 17,2026 16:11

Մի խումբ արցախցիներ այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց էին անում, նրանք պահանջում էին ԱԺ խմբակցության ղեկավարների հետ հանդիպում։ Արցախից բռնի տեղահանվելուց ու Հայաստանում հաստատվելուց հետո հազարավոր արցախցիների բնակարանային ու սոցիալական հարցերը չեն լուծվում՝ չնայած ՀՀ կառավարության աջակցության ծրագրերին։

Արցախցիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնակվարձի գումարը, որը տրամադրում է կառավարությունը, չի բավականացնում։ Ցույցի մասնակիցները պատմում էին, որ փոքր ընտանիքները չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրից, քանի որ եթե անգամ աշխատում են, չեն կարողանում կանխավճարի գումար խնայել, պետության առաջարկած գումարն էլ չի բավականացնում բնակարան գնելուն, ասում են՝ անշարժ գույքի շուկայում գնաճ է։

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանն էլ իր ելույթում ասաց՝ բռնի տեղահանումից անցել է երեք տարի, բայց հազարավոր արցախցիների սոցիալական հարցերը այդպես էլ չեն լուծվում։

«Հենց իմացան, որ մենք բողոքի ցույց ենք անելու, երկու օրվա մեջ որոշումներ կայացրին, երեկ դուրս եկան ու ասին՝ մի տարով ավելացնում ենք էս մի բանը, մի վեց ամսով ավելացնում ենք էն մյուս բանը։  Ո՞նց եղավ, որ հենց ուզում ենք մի բան բարձրաձայնեք, միանգամից այդ հարցի լուծումները ստանում եք։ Այդ հարցի լուծումները իրենց ձեռի տակ է, արդեն որոշված։ Հենց դուրս եք գալիս մի բան բերան բան խոսում, կներեք արտահայտությանս համար, ասես մի երկու բան են գցում բերաններովս, այսպես շպրտում են, ասում են՝ տվեք, թող լռեն։  Մի մասը հավատալով դրան․․․բայց որոշ ժամանակ հետո նույն իրավիճակում ենք հայտնվում»,-ասաց Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ բնակարանային հարցի լուծումներ հստակ որոշումներ են պահանջում․«Ֆինանսական հարցերը, որ ներկայացնում են, թե 800 միլիարդ փող ենք տրամադրել, թող մեր երեսով չտան, որ Հայաստանի հանրության աչքի առաջ մենք էլ դառնանք ինչ-որ ուզողների կամ ինչ-որ բաների նման։ Եթե դուք 800 միլիարդ մասին եք ասում, մեր երեստովներ եք տալիս, դուք փոխհատուցեք մեր ունեցվածքը Արցախում: Պետք էլ չի ձեր 800 միլիարդը, մեր ունեցվածքը, որ Արցախում ժողովուրդը թողել է, փոխհատուցում տվեք, այդ փոխհատուցման հիման վրա ինքը բնակարան էլ կառնի, ինքը մայր Հայաստանում իր վիճակն էլ կձևավորի»։

Իսրայելյանն անդրադարձավ Ազգային ժողովի նորաստեղծ խմբակցություններին, ասաց, որ արցախցիները  ընդդիմադիր այդ ուժերի հավաքներին ու հանդիպումներին մասնակցել են, իր խոսքով՝ մեջքներին են կանգնել․«Մի մասը ձայն է տվել այն մյուսին, մի մասը ձայն է տվել այն մյուս ուժին։ Հիմա տեղավորվել են, բոլորի

համար հարցերը լուծված է, Արցախի մասին ոչ խոսում են, Արցախի ժողովրդի մասին ոչ բարձրաձայնում են»։

Իսրայելյանն ասաց՝ հիմա երբ թանկացումներ են, այդ թվում՝ տների ու բնակարանների, ու շատ արցախցիների դրսում հայտնվելու վտանգի առաջ են, էլի պետք է մարդիկ բողոքի ցույցով իրենց խնդիրների մասին խոսեն, մինչդեռ այդ մասին կարող էին խոսել ընդդիմադիր պատգամավորները։

«Ժողովուրդ նորից եմ ասում՝ պետք չի, ոչ մի տեղ չգնաք ոչ մեկի հետևից մի գնացեք, մի խաբնվեք այդ սուտ խոստումներին։ Այսօր պահանջեք ձեր հարցին լուծում տան։  Չորս ամիս է՝  Ազգային ժողովում իրար հետ իրենց շահերի մասին են խոսում, իրենց հարցերն են լուծում։ Ե՞րբ եք տեսել, որ  ժողովրդի վիճակի բարելավման հարցը մի հատ քննարկեն: Առավոտից իրիկուն ասում են՝ դու գողացել ես, էն մեկն ասում է՝ դու էլ թալանել ես։ Դրա՞ համար է ժողովուրդը ձեզ ձայն տվել: Ձեր բարեկիրթ Ազգային ժողովը այդ ձևի՞ է: Հանրությունը ձեզ արդեն ծաղրում է, միջազգային հանրությունը ձեզ ծաղրում է, թուրքը ձեզ ծաղրում է, մեզ չի ծաղրում, ձեզ է ծաղրում: Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, մեզ խաբել են, խաբում են, շարունակելու ենք խաբել, եթե մենք հարմարվենք այս ամենին:

Մեր խնդիրները հանրային միասնական համախմբվածության շնորհիվ է լուծվելու, ոչ մի անձ չի կարող դոշը խփի, ասի ես եմ լուծել այդ հարցը կամ ես եմ լուծելու այդ հարցը։ Չեք արողանալու, որովհետև այսօրվա իրավիճակում բոլորդ կզածեք»։

Նշենք, որ արցախցիների հետ հանդիպման դուրս եկան «Հայաստան» խմբակությունից Լիլիթ Գալստյանն ու Արթուր Խաչատրյանը։ Վերջինս ասաց , որ եթե կառավարության աջակցության ծրագիրը լավը լիներ, ապա այսօր այս ցույցը չէր լինի ու բոլորը կօգտվեին։ Նրանք արցախցիներին հրավիրեցին առաջիկայում  կայանալիք այդ թեմայով  ԱԺ լսումներին։

Նորություններ