Թեհրանը դեմ չէ TRIPP-ին, սակայն երկու պայման է առաջ քաշում
Թեհրանը դեմ չէ TRIPP-ին, սակայն երկու պայման է առաջ քաշում՝ եթե այն չի վնասում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, տարածաշրջանում պետք է բացառվի նաև ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայությունը։
Այս մասին այսօր «ԱՊՐԻ ֆորում 2026»-ի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ առկա ստատուս քվոն պետք է պահպանվի, որեւէ այլ աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում թույլատրելի չեն, սա Իրանի հստակ դիրքորոշումն է։
«Որեւէ վնաս չպետք է հասցվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը TRIPP ծրագրի իրականացման միջոցով։ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ կերպով դեռեւս խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին։ Մենք էլ ենք բացահայտ ասում, որ որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն, որեւէ վնաս, որեւէ կասկած ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին հանդուրժելի չէ»,-ասել է դեսպանը։
Անդրադառնալով երկրորդ պայմանին, դեսպանն ասել է․« ԱՄՆ ռազմական ներկայությունը մեր հարեւանությամբ թույլատրելի չէ Իրանի համար։ Բազմիցս ապացուցվել է նրանց դիրքորոշումը Իրանի նկատմամբ, վերջերս էլ լսեցինք Թրամփի ելույթը եւ գիտեք, թե ինչքան թշնամություն կա նրանց մոտ։ Այսինքն՝ ոչ մի վնաս Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ ԱՄՆ ռազմական ներկայությունը մեր սահմաններին թույլատրելի չէ։ Եթե այս երկուսը բավարարվեն, մենք որեւէ պատճառ չունենք ընդդիմանալու այս ծրագրին, մենք դեմ չենք հայ ազգի բարեկեցությանը»։
Իրանի՝ Հարավային Կովկասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները ներկայացնելով, դեսպանը նշել է՝ տարածաշրջանում խաղաղության հիմքը պետք է լինի առկա կարգավիճակի պահպանումը, լոկ խաղաղության մասին խոսույթը բավարար չէ, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն ձևավորել, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Շիրղոլամին նաև ընդգծել է, որ Թեհրանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նշելով՝ հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն։ Ըստ նրա՝ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու կապող հանգույց Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Սև ծովի միջև։
Հարցին՝ Ադրբեջանը խոսում է Հայաստանի հարավն ադրբեջանցիներով բնակեցնելու մտադրության մասին, Իրանի դիրքորոշումը ո՞րն է այս հարցում, Շիրղոլամին ասել է. «Իրանի ռազմավարական տեսանկյունից տարածաշրջանում պետք է պահպանվի ստատուս քվոն, ոչ մի պատմական նկրտումներ, որեւէ հավակնություններ, որեւէ նման հռետորաբանություն հանդուրժելի չէ Իրանի համար։ Ադրբեջանական առաջնորդների հռետորաբանության մասին տեղյակ ենք, իրենք դիրքորոշման մասին տեղյակ ենք, բայց իրենք պետք է հասկանան իրողությունները։ Չեմ ուզում մտնել քննարկման մեջ, թե պատմական փաստերն ինչպիսին են։ Որոշակի ջանքեր են գործադրվում կեղծ պատմություն գրելու համար՝ կոնկրետ առաջնորդների հավակնություններից ու պատկերացումներից ելնելով։ Եթե մի քիչ բացեմ փաստերը, շատ փաստեր կան, թե ինչպիսին է եղել պատմությունը, ինչ է եղել ռուս-պարսկական պատերազմից հետո 19-րդ դարում, ինչ եղավ, երբ Իրանի մի մասը անջատվեց Պարսկաստանից, որովհետեւ Պարսկաստանը պարտվեց պատերազմում։ Առկա սահմանները եւ պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է հարգել, բոլորը պետք է բավարարված լինեն սահմանների կարգավիճակով եւ աշխարհաքաղաքական իրողություններով»։
Նրա խոսքով՝ սա է տարածաշրջանի խաղաղության եւ զարգացման գրավականը, և եթե որևէ մեկը դուրս գա այդ շրջանակից, դա լինելու է ապակառուցողական եւ քայքայիչ․«Ինչպես արդեն ասել ենք Իրանի անունից, Իրանը դրան դիմակայելու է»։
