«Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»․Շահրամանյան | Region

«Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»․Շահրամանյան

Սեպտեմբեր 27,2026 12:48

«Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»,-այս մասին այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն էր հիմնական քաղաքական սխալը Արցախի կորստի դեպքում, Արցախի իշխանությունն ի՞նչ պետք է անել, որտեղ նրանք սխալվեցին, գուցե ինքնաքննադատությամբ մոտենաք, գուցե ինչ-որ բան դուք եք սխալ արել։

44 օրյա պատերազմի ժամանակ ո՞րն է եղել Արցախի և Հայաստանի իշխանությունների այն վճռորոշ որոշումը, որ այսօր ունենք այս իրավիճակը, այս հարցին Շահրամանյանը պատասխանել է․«Դա 44 օրյա պատերազմի արդյունքն է։ Արցախի կործանման սկիզբը դրվել է  հենց 44 օրյա պատերազմի արդյունքով։ Մենք, իմ կարծիքով ամեն ինչ պետք ա անեինք, որպեսզի չհասնեինք էս իրավիճակին»։

Արդյոք իրատեսական է խաղաղությունն Ադրբեջանի հետ, երբ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի օկուպացիայի տակ է, այս հարցին էլ  Շահրամանյանն այսպես է պատասխանել․« Այդ խաղաղությունը ևս ընտրոության հարց է, թե մենք ինչ խաղաղություն ենք ուզում և ինչ գնով»:

Նրա խոսքով․ «Եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն, անհնար է, որ Ադրբեջանում մենք ունենանք պահվող անձինք, դատապարտված անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ»։

Արցախցիների վերադարձ իրենց հայրենիք, ըստ Շահրամանյանի, հիմա հնարավոր չէ․«Այս պահին վերադարձի իրատեսական հնարավորություն չեմ տեսնում։  Բայց դրա մասին պետք է խոսել ու այդ հարցը պետք է լինի օրակարգում, քանի որ դա միջազգային իրավունք է»։

ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, որ  Հայաստանում իշխանության մեջ իշխանություն, պետության մեջ պետություն չի կարող գործել, ու Արցախի պետական ինստիտուտները չեն կարող շարունակել գործե, Շահրամանյանը պատասխանել է․«Մենք էլ ենք կողմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետության մեջ պետություն չլինի, իշխանության մեջ իշխանություն չլինի և դա հենց այդպես էլ կա»:

Ըստ Շահրամանյանի՝ այդ ինստիտուտների պահպանումը պետք է լինի նաև ՀՀ իշխանության համապատասխան քաղաքականությունը․«Որ չկա, շատ դժվարեցնում է այդ աշխատանքները, բայց հիմա կան պատասխանատուներ, որոնք իրականացնում են այդ աշխատանքները»:

6 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի նկատմամբ, նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։ 44 օր ընթանում էին ծանր մարտեր։  Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որից հետո ռազմական գործողությունները դադարեցվեցին, ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

 

Նորություններ