Հայաստանի շախմատիստները հաղթանակներով ավարտեցին 46-րդ օլիմպիադան | Region

Հայաստանի շախմատիստները հաղթանակներով ավարտեցին 46-րդ օլիմպիադան

Սեպտեմբեր 27,2026 21:11

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները վստահ հաղթանակներ են տարել իրենց մրցակիցների նկատմամբ և մրցաշարն ավարտել լավագույն տասնյակում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 6-րդ հորիզոնականները։

Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։ Իրենց պարտիաներում հաղթանակներ են տոնել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը, իսկ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի ու Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի: Արդյունքում թիմը 22 հնարավորից վաստակել է 17 միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն) և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։

Նույնանման՝ 3:1 հաշվով, Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում պարտության է մատնել Ուզբեկստանի ընտրանուն։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը վաստակել են ամբողջական միավորներ, իսկ գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ու կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը պարտիաներն ավարտել են խաղաղ ելքով: Կանանց հավաքականը նույնպես 22 հնարավորից վաստակել է 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն) և մրցաշարային աղյուսակում գրավել 6-րդ տեղը:

armsport.am

Նորություններ