Փաշինյանը գազի հնարավոր թանկացման մասին․« Տարբեր սցենարներ ենք հաշվարկում, բայց այս պահին գազի թանկացման վերաբերյալ որևէ ազդակ չունենք»
Այս պահի դրությամբ գազի թանկացման վերաբերյալ որևէ ազդակ չունենք, հետևաբար, հարցի քննարկումը պատեհ չեմ համարում։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ երբ ազդակ լինի, դրա մասին կմտածեն։ «Մտածո՞ւմ ենք, որ եթե նման հարց լինի, ինչպես ենք կառավարելու իրավիճակը․ այո՛, դա կառավարության խնդիրն է»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ 2018-ից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում ենք․ «Քանի որ անընդհատ այդ հարցերը հնչում են, մենք տարբեր սցենարներ հաշվարկում ենք, քանի որ կառավարության դերն է «ծանր ու թեթև անել», բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,-նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ Մոսկվայից պարբերաբար սպառնալիքներ են հնչում, թե գազի գինը Հայաստանի համար կարող է թանկանալ, եթե ՀՀ-ն շարունակի եվրաինտերգրման ճանապարհը, քանի որ հնարավոր չէ օգտվել ԵԱՏՄ արտոնություններից, եթե Հայաստանն ընտրի ԵՄ-ն։ Կրեմլը պարբերաբար պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցակացնի՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ գնալ։ ՀՀ կառավարության տարբեր անդամներ, Նիկոլ Փաշինյանը Մոսկվային հակադարձում են՝ հանրաքեն ՀՀ ներքին գործն է, այս պահին հանրաքվեի կարիք չկա։ Վերջերս էլ Նյու Յորք այցի ընթացքում ռուս լրագրողի հարցին՝ Հայաստանը փորձում է «երկու աթոռի վրա նստել», Փաշինյանը պատասխանել է․««Ինչո՞ւ երկու աթոռ։ Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա, դրա համար երկրորդը մեզ պետք չէ»։ Փաշինյանը միևնույն ժամանակ պնդել է՝ Երևանը մտադիր է շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։
