Ովքե՞ր այլևս թաղման նպաստ չեն ստանա, հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը որքա՞ն կբարձրանա․օրենսդրական նոր փոփոխություններ
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել թաղման նպաստի համակարգում։ Նախագծերի փաթեթը շրջանառության է դրվել e-draft.am-ում, հնարավոր է այն մինչև ընդունումը որոշակի փոփոխությունների ենթարկվի։
«Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանն ասաց, որ այս փաթեթով նախ վերանայվում է շահառուների շրջանակը:
Նրա խոսքով՝ ցանկացած նպաստի համակարգում կա շահառուների շրջանակ, դիմելու, վճարման կարգ ու ժամկետ․ «Այսինքն՝ այս 4 հարցերին արդեն անդրադարձ է կատարվում նոր համակարգով, եւ 4 հարցերից առանցքայինը դա շահառուների խմբի շրջանակի նեղացումն է: Օրինակ՝ գործող օրենսդրությամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, ով կազմակերպում է կենսաթոշակառուի, անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը: Իսկ նոր կարգավորումներով նախատեսվում է թաղման նպաստ տրամադրել միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի հուղարկավորությունը կազմակերպած անձին։
Գալստյանի ներկայացմամբ՝ նպաստը կվճարվի այն դեպքում, եթե անձը մահացել է եւ հուղարկավորվել է Հայաստանում․«Սա հնարավորություն կտա առցանց դիմումներով իրացնել թաղման նպաստի իրավունքը: Իհարկե, այսօր էլ կա առցանց դիմումի միջոցով ստանալ թաղման նպաստ, բայց առանձին դեպքերում անհրաժեշտ է լինում թղթային դիմում ներկայացնել: Հիմա կփորձենք բացառել թղթային դիմումը, սա անհրաժեշտություն է, քանի որ թաղման նպաստի ամբողջ իմաստը օպերատիվությունն է»։ Այսօր, ինչպես ներկայացրեց Գալստյանը, թաղման նպաստ ստանալու դիմումից առնվազն երկու օր հետո կարողանում են նպաստը վճարել, այս փոփոխությունից հետո հնարավոր լինի այդ 2-3 օրվա ժամկետը կրճատել։ Մահվանից հետո վեց ամսվա ընթացքում կարելի է դիմել այդ նպաստը ստանալու համար, սակայն ինչպես գործող օրենքով, այնպես էլ փոփոխությունից հետո եթե մահվանից վեց ամիս հետո դիմեն, այդ նպաստը չեն կարող ստանալ։
Շրջանառվող մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները։ Գալստյանի ներկայացմամբ՝ թաղման նպաստներից խնայված մոտ 4,3-4,4 միլիարդ դրամին կառավարությունը կավելացնի ևս 1,1-1,2 միլիարդ դրամ, որի արդյունքում հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները։
«Աշխատանքային կենսաթոշակների դեպքում կավելանա հիմնական կենսաթոշակի չափը, 34,000 դրամը կդառնա 34,500 դրամ, սա նշանակում է, որ ցանկացած աշխատանքային կենսաթոշակ առնվազն պիտի ավելանա 500 դրամով։ Ավելացնում ենք նաեւ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 46,000 դրամը կդառնա 47,000 դրամ: Սա նշանակում է, որ ներառյալ 14 տարվա ստաժ ունեցողների կենսաթոշակը կավելանա 1000 դրամով»,-ասաց Գալստյանը։
Նա նաև հավելեց, որ, ավելի շատ կավելանան հաշմանդամության աշխատանքային
կենսաթոշակները՝ ի հաշիվ նրա, որ կենսաթոշակին տրվելու է հավելում, խորը հաշմանդամության դեպքում՝ 40%-ի չափով, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունենալու դեպքում՝ 20%-ի չափով․«Սա նշանակում է, որ նրանք, ովքեր ունեցել են հաշմանդամություն, բայց ստաժը եղել է մինչև 14 տարի, նրանց կենսաթոշակը կավելանա 1200 կամ 1100 դրամով։ Իսկ նրանք, ովքեր ավելի շատ ստաժ են ունեցել, կենսաթոշակը կավելանա 600 և 700 դրամով՝ կրկին կախված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից»։
