Հայաստանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․Արարատ Միրզոյան | Region

Հայաստանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 06,2026 13:50

Հայաստանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ժամանակ։

Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների գոյություն ունեցող սահմանների պահպանումը շատ կարևոր է Հայաստանի համար: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միրզոյանը Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ որակել է որպես ռազմավարական և կոչ է արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը: Նա հավելել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել իր տրանսպորտային կապերը հարևան երկրների հետ:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, անդրադառնալով Պարսից ծոցում տիրող ընթացիկ իրավիճակին, նշել է, որ փորձը ցույց է տվել, թե արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անվտանգության խաթարման:

Ղալիբաֆը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդին և կառավարությանը վերջին ամերիկա-իսրայելական ագրեսիայի ընթացքում Իրանին աջակցելու իրենց դիրքորոշման և գործողությունների համար: Նա ընդգծել է, որ Իրանի «որոշակի քաղաքականությունն» է զարգացնել և ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների հետ թե՛ օպերատիվ, թե՛ ռազմավարական մակարդակներում՝ հավելելով, որ Հայաստանը կարևոր հնարավորություն է Իրանի հետ կապերի ընդլայնման համար:

Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության պայմանագիրը շուտով վերջնական տեսքի կբերվի:

Նորություններ