Զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը առաջարկվում է բարձրացնել մինչև 32 տարեկան․ նոր օրենսդրական նախաձեռնություն | Region

Զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը առաջարկվում է բարձրացնել մինչև 32 տարեկան․ նոր օրենսդրական նախաձեռնություն

Հոկտեմբեր 08,2026 14:20

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին։ Օրենսդրական այս փոփոխությամբ առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու վերին տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը։

 Գործող կարգավորումներով տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին հնարավորություն է տրվում ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատել կառավարության սահմանած ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում:

Սակայն, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, ասպիրանտական ծրագրերով սովորող քաղաքացիներն իրենց ուսումնառությունն ավարտում են հիմնականում 27-28 տարեկան հասակում։ Որպեսզի նրանք կարողանան օգտվել աշխատանքի հիմքով տրվող տարկետման հնարավորությունից, անհրաժեշտ է, որ քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս 3 տարի։

Որոշման մեջ նշվում է, որ տարիքային շեմը մինչև 32 տարեկան բարձրացնելու շնորհիվ տարկետման իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, որից հետո՝ օրենքով սահմանված կարգով, իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել Հայաստանում պահանջված ոլորտներում։

Նորություններ