Փաշինյան․ Ադրբեջանում անհայտ կորածների հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով՝ թշնամական խոսույթ գեներացնելու համար
«Ադրբեջանն էլ ունի անհայտ կորածներ, մենք էլ ունենք անհայտ կորածներ, այդ հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բաքվից հնչած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել է, որ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը, պայմաններ ստեղծի համապատասխան արխիվները բացելու և վկաների ցուցմունքները հավաքելու համար»։
Փաշինյանն Բաքվի պահանջի մասին լրագրողի հարցին ի պատասխան ասաց՝ Հայաստանը պատրաստ է այդ համագործակցությանը․«Այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցը քաղաքական նպատակներով են օգտագործում՝ թշնամական խոսույթներ գեներացնելու եւ այլ նպատակներով»։
Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այլ տրամաբանությամբ է վերաբերվում այդ հարցին․«1990-ականներից մինչեւ այսօր հայկական կողմն ունի գտնվելու վայրն անհայտ մոտ 1000 անձ ու մենք կարծում ենք, որ, այո, խաղաղության հաստատումից հետո պետք է ջանքեր գործադրենք այդ հարցը պարզաբանելու համար»։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է համագործակցել։ Նա նշեց, որ երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքները, համագործակցությունը սերտացնելու վերաբերյալ քննարկում է եղել Բիշքեկում Ադրբեջանի նախագահի հետ։«Բայց դե գիտեք, պետք է մի բան արձանագրենք, որ «գտնվելու վայրը անհայտ անձինք»․․․այսինքն սա նշանակում է, որ այդ մարդկան վերաբերյալ տեղեկությունների սակավություն կա, այսինքն դա պարզ հարց չի, ոչ ոք չգիտի, թե որտեղ են այդ մարդիկ։ Ադրբեջանը երբեմն փորձում է տպավորություն ստեղծել, թե օրինակ մենք գիտենք, որտեղ են այդ մարդիկ և զլանում ենք տեղեկատվությունը կիսել։ Բայց այդպես չի։ Նույնն էլ մենք կարող ենք իրենց դեպքում ասել։ Բայց ես կարծում եմ, որ ճիշտ մոտեցումը այն է, որ որ մենք համագործակցենք և այդ խնդիրը լուծենք և այդ էջը փակենք ի վերջո»,-ասաց Փաշինյանը:
