Եվրոպական խորհրդարանը կրկին պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
«Եվրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,-ասված է բանաձևում։
Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։ Հայ գերիների վերաբերյալ դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերի շնորհիվ։
Քվեարկությունից հետո Մեզյուրը խիստ քննադատել է Եվրամիությանը՝ Ադրբեջանին ուղղված իր բազմակի դատապարտումները կոնկրետ գործողություններով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ վտանգված է ԵՄ-ի վստահելիությունը, և կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Բաքվի հետ բոլոր հարաբերությունները խստորեն պայմանավորել մարդու իրավունքների պահպանմամբ։
