Նոր շունչ Թումանյան քաղաքի հին ֆաբրիկային ու սրճարանին․ MIJ Factory-ի նոր հետաքրքիր նախաձեռնությունները | Region

Նոր շունչ Թումանյան քաղաքի հին ֆաբրիկային ու սրճարանին․ MIJ Factory-ի նոր հետաքրքիր նախաձեռնությունները

Հոկտեմբեր 10,2026 15:20

MIJ Factory-ն նախաձեռնություն է, որի շրջանակում վերականգնվում է Լոռու մարզի Թումանյան քաղաքում գտնվող հին տեքստիլ ֆաբրիկայի շենքը։ Նախագծի նպատակը ոչ միայն արտադրական տարածքը վերականգնելն է, այլև այն մշակութային, ստեղծագործական ու բնակության ակտիվ կենտրոնի վերածելը։ «Ֆաբրիկան» դարձել է կինոդիտումների, հանդիպումների և տարբեր ստեղծագործական նախաձեռնությունների վայր։

Ինչպես նշում է MIJ Factory նախագծի հիմնադիր Դմիտրի Ստրենը, իրենք այսքանով չեն սահմանափակվել․ այժմ վերանորոգում են Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքի մի հատվածը, որը ծառայելու է որպես մարզադահլիճ։ Նաև կարգի են բերել քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանը, որը տևական ժամանակ չէր գործում։ Այն պատկանում է նույն մարդուն, ով հին ֆաբրիկայի շենքի սեփականատերն է։

«Մենք կաշխատենք շաբաթը 3 օր, կունենանք սուրճ, ինչ-որ թխվածքներ, հրուշակեղեն, առանձին ուտեստներ, օրինակ, այսօր՝ բացման օրը, մենք հայկական տոլմա կունենանք»,-ավելացնում է նախագծի հիմնադիրներից մյուսը՝ Տատյանա Ստրենը։

Վերականգնման բոլոր աշխատանքներին միանում են կամավորները, որոնք սեփական ուժերով մաքրում, նորոգում և աստիճանաբար վերակենդանացնում են տարածքները։

MIJ Factory-ի նախաձեռնողները Թումանյանի ապագան տեսնում են ոչ միայն վերականգնված շենքերում, այլև դրանց շուրջ ձևավորվող ակտիվ կյանքում։ Այստեղ յուրաքանչյուր նորոգված տարածք ևս մեկ հնարավորություն է մարդկանց մեկտեղելու, նոր գաղափարներ կյանքի կոչելու և քաղաքին նոր շունչ հաղորդելու համար։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ