«Ինձ կողքինիդ հետ չխառնես». ականատեսները լռեցին, կինը կրկնակի նվաստացվեց․ տրանսպորտի միջադեպի հոգեբանական կողմերը
Օրերս Երևանի հանրային տրանսպորտում տղամարդու կողմից կնոջը վիրավորելու ու նվաստացնելու միջադեպի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Սոցիալական ցանցերում քննարկում են միջադեպը: Շատերը վրդովված նշում են, թե ինչու է տեսանյութը տարածվել առանց կնոջ դեմքը փակելու, ոմանք զարմացած են՝ ինչո՞ւ տրանսպորտում բռնությանը ականատես ուղևորները չեն միջամտում։ Ոմանց մոտ էլ հարց է ծագել՝ ինչո՞ւ են ձերբակալել միջադեպը նկարահանող ու տարածող կնոջը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը վիրավորում ու նվաստացնում իր կողքին նստած կնոջը, որն ակնհայտորեն վախեցած էր ու շփոթված, նա որևէ կերպ չէր արձագանքում իրեն վիրավորական խոսքեր ասող տղամարդուն։ Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը փորձում միջամտել, ինչից հետո ավտոբուսում վիճաբանություն է սկսվում։ Ենթադրվում է, որ միջմտողը նույն տեսանյութի հեղինակն է։ Միջադեպի մասին տեսանյութը տարածելուց որոշ ժամանակ անց ձերբակալվել է բռնություն գործադրած տղամարդը, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով։
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը։ Թե ինչո՞ւ են նրան ձերբակալել, իրավաբան Դավիթ Թումասյանը սոցիալական ցանցում բացատրել է․« Նկարող կնոջ արարքում խուլիգանությունն այն է, որ հայհոյախառն տեսանյութը տարածել է համացանցում՝ առանց ձայնային մշակման ենթարկելու իր կողմից ասած հայհոյանքները։ Հասարակական տիրույթում նա խախտել է հասարակական կարգը, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ լսում էին դա»։
RegionsTV-ի հետ զրույցում «Կանանց իրավունքների տան» հիմնադիր Կարինե Դավթյանը նշում է՝ տրանսպորտում բռնության ականատեսները, որոնք լռել են, նախ վախեցել են իրենց անվտանգության համար։
Դավթյանն ասում է՝ գուցե այդ մարդիկ մտածել են, որ ուրիշի ընտանիքում կատարվողն իրենց գործը չէ։ «Եթե միջամտեմ, կքանդեմ այդ ընտանիքը»․հիմնականում այսպես են մտածում ականատեսները։

Կարինե Դավթյան
Դավթյանը, ով աշխատում է բռնության ենթարկված կանանց հետ, նկատում է՝ տեսանյութում բռնության ենթարկված կինն առանց այդ էլ հոգեբանական ծանր և խոցելի վիճակում էր, իսկ ահա տեսանկարահանող կինը էթիկական նորմերը չի պահպանել։
«Լավ է, որ բարձրաձայնել է խնդրի մասին, սակայն երբ տեսանյութում այդ տղամարդու հետ վիճում է ու ասում՝ «ինձ կողքինիդ հետ չխառնես», ամբողջ կատարվածի էությունը դրանով փոխվում է, քանի որ ևս մեկ անգամ նվաստացրեց բռնության ենթարկված անձին։ Բացի այդ, նախքան տեսանյութը հրապարակելը պետք էր կնոջ դեմքը փակել, չհանրայնացնել զոհին։ Դրանով իսկ խախտել է էթիկական նորմերը։ Լավ, դուրս հրավիրեցին բռնարարին, բայց խնդիրը չլուծվեց, այսինքն՝ կոսմետիկ լուծում ստացավ, բայց բռնության շղթան չկոտրվեց։ Ի՞նչ իմանանք, թե դրանից հետո, երբ տուն են գնացել, ինչ վերաբերմունքի է արժանացել կինը»,-ասում է Դավթյանը։
Ընդհանրապես, աշխարհում բռնության զոհ են դառնում հիմնականում կանայք։ Փորձագետը նշում է՝ կյանքի տարբեր փուլերում տարբեր տրավմաների ազդեցության ներգործությունն էլ նշանակություն ունի, սակայն նախ պետք է հաշվի առնել, թե ինչպես են դաստիարակում աղջիկներին․ «Նրանց փոքր տարիքից մեծացնում են, որ «դու պիտի հեզ լինես, լսես, ենթարկվես»՝ նախ հայրական տանը՝ հայրիկի դեպքում, հետո արդեն՝ ամուսնու դեպքում։ Բացի դրանից, կանայք ավելի խոցելի են այն պատճառով, որ հասարակությունը պիտակավորում, խարանավորում է հենց կնոջը իր ցանկացած պահվածքի համար»։
Բացի այս, ինչպես նշում է Դավթյանը, հաճախ կանայք ֆինանսապես կախված են լինում ամուսնուց, ու այդ պատճառով ստիպված հարմարվում են ընտանիքում բռնությանը։
«Մյուս խնդիրը, որ գուցե երբեմն չեն էլ դիմում ոստիկանություն, որովհետև կարծում են, որ կրկնակի կզոհականացվեն, և երբեմն, ընդգծեմ, որ ճիշտ են ենթադրում, որովհետև, ցավոք, դեռևս մինչև հիմա կան դեպքեր, երբ պայքարում ենք ոստիկանությունում զոհականացման դեպքերը կանխելու համար»,-ասում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ ընտանեկան բռնության դեպքերում շատ կարևոր է միջամտելը, ուղղություն ցույց տալը, որ կան համապատասխան կառույցներ, ոստիկանություն, կա աջակցման կենտրոն, թեժ գիծ, ապաստարան և այլն, ու պետք է իրազեկվածությունն այս ուղղությամբ բարձրացնել։

Հասմիկ Գևորգյան
Ո՛չ գիտությունը, ո՛չ մասնագետները չեն գտնում համապատասխան լուծումներ, որպեսզի նվազեն բռնություններն ու կանայք ապահով լինեն։ Ասում է «Արդարություն, նոր մշակույթ» ՀԿ-ի համահիմնադիր Հասմիկ Գևորգյանը։ Նա նշում է՝ այս խնդիրը միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհն է կանգնած նման խնդրի առաջ։
Բռնություն գործադրող մարդու հոգեբանությանն անդրադառնալով, Գևորգյանը նշում է՝ նրա նպատակը հենց այն է, որ դիմացինին ստիպի ներքուստ հավատալ, թե իր վարքագիծն անընդունելի է․«Բռնարարը փորձում է ներարկել, թե հենց իր վարքի պատճառով է դիմացինը լցվում վախով, ապրում տրավմա կամ ստանում ֆիզիկական վնասվածքներ։ Արդյունքում՝ նույնիսկ հանրային միջավայրում բռնության ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը դրվում է հենց բռնության ենթարկված անձի վրա»։
Փորձագետը նշում է՝ տղամարդկանց կողմից բռնություն գործադրելու խնդիրը խորը արմատացած հայրիշխանությունն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որի արդյունքում կանայք ստորադասվել են։
Գևորգյանն, ով աշխատում է բռնություն գործադրած անձանց հետ, հիշեցնում է՝ «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը» Հայաստանում ներդրվել է հունվար ամսից, պետությունը այս տարի պիլոտային փորձարկում է իրականացրել։
Նա ներկայացնում է բռնություն գործադրած անձանց ընդհանուր նկարագիրը՝ նրանք հայրիշխանական այս համակարգի իմաստն են, հավատում են, որ տղամարդիկ ունեն առավելություն, իսկ կանայք ստորադասված են, տղամարդիկ իրավունք ունեն կանանց իշխելու, ուժ կիրառելու, և այս գենդերային անհավասարությունը, կարծրատիպերը հանգեցնում է այն ինքնագիտակցության, որ «ես տղամարդ եմ, ես իրավունք ունեմ, ես, ես ու էլի ես»։
«Այստեղ ևս մի խնդիր կա․ շատ հաճախ տղամարդը չի գիտակցում ու մտածում, որ ինքը վատ բան է անում։ Նա մտածում է, որ տղամարդ լինելու համար պիտի վերահսկի իր կնոջը, եթե պետք է, նաև ուժ կիրառի, և դա անում է «իր կնոջ լավ լինելու համար», որովհետև ինքը չի հասկանում, որովհետև իր պարտականությունն է որպես տղամարդ, որպես ամուսին, որպես զուգընկեր՝ վերահսկել կնոջ վարքը, գործողությունները և այլն»,- ընդգծում է Գևորգյանը։
Փորձագետը կիսվում է բռնություն գործադրած անձանց հետ աշխատելու բարդության և առանձնահատկությունների մասին, ասում է՝ մենք տվյալ անձին բացատրում ենք, որ «դու կարող ես բարկանալ, և յուրաքանչյուրս էլ բարկանում ենք, սակայն ոչ բոլորս ենք ծեծում մեր դիմացինին, և դու հատուկ ընտրում ես քո կնոջը»։
Մասնագետները բռնարարին բացատրում են՝ եթե բարկացած ես եղել աշխատանքի վայրում, ղեկավարիդ վրա, դու նրան ֆիզիկական բռնության չես ենթարկում, բայց դու հստակ գիտես՝ ում հանդեպ քո ուժը և վերահսկողությունը կիրառես․« Յուրաքանչյուր մարդ բարկանում է, և բոլորն էլ ունեն իրավունք իրենց բարկությունը հայտնելու, սակայն խնդիրն այն է, թե ինչպես ենք կառավարում և ինչպես ենք արձագանքում, երբ որ բարկացած ենք։ Հենց ամբողջ ծրագիրը վարքի փոփոխության մասին է, և բացատրում ենք ամբողջ այդ համակարգը, գենդերային անհավասարությունները, կարծրատիպերը, որը երկարատև և բարդ աշխատանք է»։
Փորձագետները պնդում են, որ բռնության դեպքերը նվազեցնելու համար միայն մասնագիտական օգնությունը բավարար չէ։ Նրանք հորդորում են բռնությանն ականատես լինելու դեպքում անհապաղ արձագանքել և կանխել միջադեպը, որից հետո տուժողին ուղղորդել համապատասխան կառույցներ՝ խստորեն պահպանելով գաղտնիության և անվտանգության էթիկական նորմերը։
Տիրուն Մարգարյան
Հ․Գ․ Խմբագրության կողմից հավելենք, որ կանանց աջակցման մի շարք ՀԿ-ներ տրամադրում են շուրջօրյա աջակցություն։ Եթե ունեք օգնության կարիք, ապա զանգահարեք՝
Ընտանեկան բռնության դեպքում՝ Կանանց աջակցության կենտրոն +374 99 88 78 08
Սեռական բռնության դեպքում՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ +374 77 99 21 80
