TRIPP համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում․ Արարատ Միրզոյանի պարզաբանումներն ու ընդդիմության հարցադրումները | Region

TRIPP համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում․ Արարատ Միրզոյանի պարզաբանումներն ու ընդդիմության հարցադրումները

Հոկտեմբեր 21,2026 19:26

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը: Հարցն ընդգրկվելու է առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։

Մինչ այս, ՀՀ կառավարության հաստատումից հետո, Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխանող։ Նախագծով նախատեսվում է ստեղծել «TRIPP զարգացման ընկերություն» համատեղ ձեռնարկությունը, որտեղ առաջին 49 տարում 74% բաժնեմասը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ Հայաստանին (երկարաձգման դեպքում ՀՀ բաժնեմասը կհասնի 49%-ի)։ Նախատեսվում է Սյունիքով ապահովել անխոչընդոտ (թվային գործիքների կիրառմամբ) տարանցում Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցող, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի ու ընդդիմադիր պատգամավորների միջև ծավալվել է սուր բանավեճ։

«Ինքնիշխանությունը չի զիջվում»

Արարատ Միրզոյանն իր խոսքում հատուկ ընդգծել է, որ փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը նշված է 8 անգամ, ինչը վերահաստատում է Հայաստանի ամբողջական վերահսկողությունը TRIPP-ի ենթակառուցվածքների նկատմամբ։

«Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ անվտանգության, իրավապահ, մաքսային և միգրացիոն հսկողության պատասխանատվությունը լիովին մնում է ՀՀ-ի վրա։

Նա նաև պարզաբանել է, որ TRIPP զարգացման ընկերությունը մշտապես պատկանելու է ԱՄՆ կառավարությանը, չի կարող օտարվել կամ փոխանցվել երրորդ կողմի, իսկ ճանապարհների ապաշրջափակումը փոխշահավետ է լինելու. «Եթե մենք կարողանալու ենք երկաթուղու միջոցով Ադրբեջանի տարածքով բան բերել Չինաստանից, էստեղ հեգնելը որն է։ Այո, Ադրբեջանը շահ ունի, և այո, Հայաստանը շահ ունի, սա փոխշահավետ բան է։ Ամրագրված է, կա ԱՄՆ-ի կառավարության ստորագրությունը և պարտավորությունը, որ TRIPP զարգացման ընկերությունը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը և չի կարող օտարվել կամ ներգրավել որևէ երրորդ կողմի»։

Սահմանային միջադեպեր. «Մոլորված հովիվն ու ներխուժած զինվորը»

Անդրադառնալով Տավուշի մարզում ադրբեջանցի հովվի կողմից սահմանը հատելու լուրերին և Շաքի ներխուժած ու հանցագործություն գործած ադրբեջանցի զինծառայողի դեպքին՝ նախարարն ասել է․«Վայ այն քաղաքական ուժին, որը մտածում է՝ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ կարող են լինել՝ իրենց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Խաղաղության հաստատումից հետո էլ, առաջ էլ լինում են այդպիսի դեպքեր։ Եվ փառք Աստծո, երկու կողմերն էլ այդպիսի դեպքերին կառուցողական են վերաբերվում, օգնում են, վերադարձնում են»։

Իսկ Շաքիի դեպքի մասին էլ նախարարն ասել է. «Լինում է նաև այն, ինչ այս վերջերս եղավ, այսինքն՝ անցավ զինվոր և հանցագործություն գործեց։ Եվ այստեղ էլ պետք է արժանին մատուցել, շատ ադեկվատ են մոտեցումները։ Այսինքն՝ այդպիսի բաներից խուսափել հնարավոր չէ կյանքում երևի, եթե պատ չենք շարում։ Հուսով եմ՝ պատ չենք շարի, կգանք ավելի համագործակցության լուծումների։ Դուք անընդհատ փորձում եք ասել՝ կա այս վատ բանը։ Հա կա, գիտեմ, հիմա ի՞նչ ասեմ՝ ֆսյո, փակե՞նք, նորից վերադառնանք հակամարտությա՞նը, սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար»։

Ադրբեջանի պահանջի կատարում, թե՞ միակողմանի զիջում

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հետաքրքվել է՝ համապարփակ կարգավորման չհասնելով՝ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում՝ հողի վրա չունենալով ոչ մի առավելություն։« Այստեղ ոչ գերիների վերադարձի հարցն է քննարկվել, ոչ խաղաղության երաշխիքներ կան, ոչ էլ ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը կա։ Արդյո՞ք սա հերթական միակողմանի զիջումը չէ, արդյո՞ք սա հերթական լծակի կորուստը չէ բանակցային գործընթացում», -նախարարից հետաքրքրվել է պատգամավորը։

Ի պատասխան Միրզոյանն ասել է․«Ասում եք՝ հերթական անգամ ուզում եք կատարել Ադրբեջանի պահանջը և հերթական զիջումն եք արել։ Խնդրում եմ, կարա՞ք ասեք՝ ո՞րն է Ադրբեջանի պահանջը, որը հիմա մենք կատարում ենք այս համաձայնագրով։ Եվ հերթական զիջում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, մի երեք հատ օրինակ բերել էլի, այդ ի՞նչ ենք զիջել»։

Լենա Մաթևոսյանը նշել ՝ Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը։

Ուժեղ Հայաստան»-ից այլ պատգամավորներ կրկին «զիջումներին» են անդրադարձել, նշել են՝ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական ուժերն առանց դիմադրության ներխուժեցին Սև լիճ ու Գեղարքունիքի մարզ, ըստ նրանց՝ այս համաձայնագրով Ադրբեջանին զիջում ենք անխոչընդոտ ճանապարհ, Գորիս-Կապան ճանապարհը։

Արարատ Միրզոյանն ի պատասխան արձագանքել է.«Եկեք արձանագրենք, որ ինչպես ակնկալում էի, այդպես էլ չտեսանք, թե ՀՀ կառավարությունը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից ինչ է զիջել Ադրբեջանին։ Այո, Ադրբեջանը վերահսկողություն ունի մեզ հայտնի Ջերմուկի հատվածում, այլ հատվածների նկատմամբ, բայց սա չի նշանակում, որ մենք զիջել ենք։ Հայտարարել ենք, որ մեր ինքնիշխանությունն այդ տարածքների վրա պետք է վերականգնվի, և վերականգնման եղանակը սահմանազատման աշխատանքներն են։ Եվ նույն մոտեցումն էլ ունի Ադրբեջանն այդ և այլ տարածքների նկատմամբ… Օրինակ է բերվում Գորիս-Կապան ճանապարհը, բայց ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել։ Գնացեք փորձեք հակափաստարկներ բերել»։

Սահմանադրության փոփոխությունն ու Ադրբեջանի նախապայմանը

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացում ՀՀ-ի առաջ չկա դրված Ադրբեջանի պահանջ՝ փոխել Սահմանադրությունը։ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի առաջ պահանջ է դնում, այլ հրապարակային ասում է՝ մենք չենք ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխում Սահմանադրությունը։ Նախապայմանը պահանջ բառից էականորեն տարբեր է։ Ադրբեջանն իր համար այդպիսի պայման է տեսնում ստորագրելուց առաջ և դրանով կիսվում է մեր և աշխարհի հետ։ Մյուս կողմից՝ մենք նախ չենք կիսում այդ օրակարգը։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեր Սահմանադրությունը մեր ներքին գործն է և մեր որոշելիքը։ Բայց նաև մենք հասկանում ենք, որ ներքին հարաբերություններից զատ՝ այս փաստաթուղթն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Եվ մենք դա հասկանալով՝ փոփոխության նախագիծ ենք առաջարկում»։

Դիմել ընդդիմադիր պատգամավորին, նախարարն ասել է՝ գուցե համաձայնե՞ք հանրաքվեի գաղափարին, Սահմանադրության նախագծին հաստատում տանք և գնանք այդ խոսակցությունն ազգովի ունենանք։

«Ֆրոնտ օֆիս», «Բեք օֆիս» և իրավական փաստաթղթի առկայության հարցը

Անդրադառնալով սահմանային հաղորդակցությանն ու մարդկային շփումներին՝ ԱԳ նախարարը պարզաբանել է, որ Ադրբեջանը իրավունք է ստանալու անցնել Հայաստանի տարածքով Նախիջևան, իսկ Հայաստանը ստանալու է փոխադարձ առավելություններ՝ օգտագործելու Ադրբեջանի տարածքը՝ կապվելու Երասխից Մեղրի, և Ադրբեջանի տարածքի ենթակառուցվածքներով՝ երրորդ երկրների հետ․«Որևէ մեկս չենք կարող հերքել, որ ՀՀ քաղաքացիները կարող են հոգեբանական բարդություններ ունենալ՝ Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ շփումներում և հակառակը։ Կոնֆլիկտը նոր է ավարտվել, վերքերը թարմ են, հասարակությունները շատ զգայուն են։ Եվ հասկանալի է նաև այս կոնտեքստում այս շփումը հնարավորինս նվազեցնելը, էլ չասած, որ աշխարհում նորագույն տեխնոլոգիաները հեշտացնում են այդ գործընթացը։ Ֆիզիկական շփման տենդենցը աշխարհում վերանում է։ Այս բոլոր գործոնների համադրության արդյունքում եղել է գաղափար սպասարկման այսպիսի ձև՝ «Ֆրոնտ օֆիս», «Բեք օֆիս»։ Որոշումների կայացումը կատարվում է «Բեք օֆիսում»»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է՝ Հայաստանի ներպետական ապաշրջափակման համար համարժեք թուղթ կա՞, որը Ադրբեջանի համար կունենա նույնպիսի պարտադիր բնույթ, ինչ TRIPP-ը Հայաստանի համար։ Այլապես մենք ունենք մեծ ասիմետրիա՝ պարտադիր թուղթ և խոստում։

Ի պատասխան նախարարն ասել է՝ սա հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն ունի, րովհետև ՀՀ-ն ապաշրջափակվում է․« Մեր 35-ամյա պատմության մեջ մենք այսպիսի իրավիճակում չենք եղել։ Երկրորդ, սա ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլ, այո, կոչված է ամրապնդել խաղաղությունը և բխում է խաղաղությունից։ Ինքը կապում է երրորդ երկրներ, և այդ կապն անցնում է Հայաստանով, հետևաբար, ունի նաև անվտանգային նշանակություն… Դուք ասացիք՝ մենք չենք կարող չտալ, բայց տալիս ենք։ Պարոն Խաչատրյան, ոչ թե չենք կարող, մենք ուզում ենք, հասկանո՞ւմ եք, որովհետև առաջին հերթին ստանում ենք։ Դուք ուզում եք, որ մենք անընդհատ ստանանք ու ոչինչ չտանք, այդպես չի լինում։ Իսկ մենք արդեն ստանում ենք, մեր բեռներն արդեն անցնում են Ադրբեջանով։ Դուք լուրջ մտածում եք, որ գնացքը կարող է գալ TRIPP-ով անցնել, Մեղրիի տակով անցնել, մտնել Նախիջևան, և հետո չկարողանա՞նք գնացքի համար Երասխով Հայաստան շարունակություն ապահովել… Երևակայությունը շատ վառ է, ներկայացնում եք մի բան, որը չեմ պատկերացնում, որ գոյություն ունենա։ Տենց չի կարող լինել, որ իրենց համար աշխատի այդ երկաթուղին, մեզ համար չաշխատի»։

 

Նորություններ