Քոլեջ սահմանամերձ Վարդենիսում, որի ուսանողները երբևէ չեն մտածում հարազատ գյուղերը լքելու մասին
Սահմանամերձ Վարդենիս համայնքի Բժշկա-հումանիտար քոլեջի ուսանողները ոչ թե հարազատ գյուղերը լքելու և քաղաք մեկնելու մասին են մտածում, այլ ուզում են ուսում ստանալ և հենց իրենց բնակավայրերում աշխատել:
Քոլեջի փոխտնօրեն Վարուժան Գասպարյանի խոսքով՝ իրենց քոլեջում շատ են հայրենասեր երիտասարդները, որոնք մտածում են գյուղում ապրելու, աշխատելու, արարելու մասին, և իրենց նպատակը բանիմաց մասնագետներ պատրաստելն է:
Բելլա Հովհաննիսյանը 1-ին կուրսի ուսանողուհի է: Ուզում է հենց այս քոլեջում ստանալ կրթություն և աշխատել Վարդենիսում:
Սպարտակ Ջոմարդյանը ֆելդշեր է, 1-ին կուրսի ուսանող և քոլեջի ուսխորհրդի նախագահ։ Նա նշում է, որ խորհրդում քննարկվում են ուսանողներին հուզող բոլոր հարցերը, այդ թվում՝ մնալ իրենց բնակավայրերում և մասնագիտական գործունեությունը իրականացնել հայրենի Վարդենիսում:
Անուշ Երեմյանը 1-ին կուրսի ուսանողուհի է, ցանկանում է դառնալ պահանջված մասնագետ և աշխատել Վարդենիսում:
Վարդենիսի Բժշկա-հումանիտար քոլեջը հիմնադրվել է 2012թ-ին՝ ՀՀ Առողջապահության կողմից ստանալով անժամկետ լիցենզիա։
Իրականացնում է բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման գործունեություն։ Քոլեջում աշխատում են Երևանից հրավիրված դասախոսներ, ինչպես նաև զինվորական հոսպիտալի լավագույն բժիշկները։
Գործնական պարապմունքները և պրակտիկան կազմակերպվում են Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում և դեղատներում։
Քոլեջն ավարտել է ավելի քան 300 շրջանավարտ, որոնք հիմնականում անցել են աշխատանքի իրենց մասնագիտությամբ:
Քնարիկ Խաչատրյանի օգնությամբ
Ռեգիոնս TV, Գեղարքունիք