Անտառաշեն․ ինչպե՞ս հաղթահարել մեկուսացումը, ճանապարհն ու տրանսպորտը ե՞րբ հասանելի կլինեն բնակիչներին
Անտառաշեն բնակավայրն ընդգրկված է Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի կազմում։ Գյուղում փաստացի գրանցված 133 բնակիչ կա, սակայն մշտական բնակվողների թիվը շուրջ 100 է։
Գյուղ հասնող հանրային տրանսպորտ չկա։ Բնակիչներն օգտվում են հարևան գյուղերի երթուղայիններից։ Մինչև Լերմոնտովո տանող ճանապարհն անբարեկարգ է։
Անտառաշեն գյուղի բնակիչ Անժելա Ավակովան Regions TV-ի հետ զրույցում նշեց․«Հարևան գյուղերի տրանսպորտից օգտվելու համար ստիպած հասնում են հարևան գյուղ կամ գլխավոր ավտոմայրուղի։ Դժվար է հատկապես առողջական խնդիրներ ունեցող տարեցների համար, որոնք ստիպված են ամսվա ընթացքում մի քանի անգամ հիվանդանոց այցելել, և Վանաձոր են հասնում տաքսիներով՝ ամեն անգամ 5000 դրամ վճարելով։ Դա ծանր ֆինանսական բեռ է մեզ համար»։
Անտառաշենի վարչական ղեկավար Ռաֆիկ Խառատյանն ընդգծում է՝ տրանսպորտի հարցն անորոշ է, սակայն 2027թ․-ի գարնանը նախատեսված է ասֆալտապատել գյուղ մտնող ճանապարհահատվածը։
Ժամանակին գյուղում թանկարժեք մորթու հայտնի արտադրական ձեռնարկություն է եղել, որը ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993 թ․-ին, դադարեցրել է գործունեությունը։ Գյուղի երիտասարդները հիմնականում աշխատում են Երևանում և այլ քաղաքներում։
Անտառաշենում բնակվում են նաև ռուս մոլոկաններ, որոնց մի մասը մեկնել է Ռուսաստան։
Մանրամասները՝ տեսանյութում։
