Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը առաջիկա բանակցություններում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն այն ընտրության հարցը, որը պետք է կատարի հայկական կողմը՝ հօգուտ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման օրակարգը «կլինի չափազանց և չափազանց հագեցած»։
«Գլխավորապես, իհարկե, օրակարգում կլինի այն ընտրության հարցը, որը կատարում է հայկական կողմը [մտադրվելով անդամակցել ԵՄ-ին], թե արդյոք այն կկատարվի, երբ կկատարվի և ինչպես»,- տեղեկացրել է Պեսկովը։
«Տնտեսական առումով Երևանի այդ ցանկությունը՝ ինչ-որ պահի «երկու աթոռին նստելու», կամ պետք է հաստատվի, կամ պետք է հերքվի, որրովհետև կողմնորոշումը դեպի Եվրոպական միություն և միևնույն ժամանակ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը իրար հետ չեն կարող համադրվել։ Եվ, իհարկե, հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ երկու երկրների առաջնորդներն առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերն ու ռուսական ռազմաբազան։
«Անշուշտ, կշոշափվի մեր բազայի հարցը։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Այդ պատճառով օրակարգը կլինի չափազանց և չափազանց հագեցած»,-ասել է նա։
