Բուհ ընդունվելու պայմանները մեղմացվում են, վերահսկողությունը՝ տարանջատվում․ ի՞նչ է փոխվում կրթության ոլորտում
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է վերանայել բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտի մի շարք կարգավորումներ՝ հստակեցնելով պետական մարմինների ու որակի գնահատման կառույցի դերերը, մեղմացնելով բուհ ընդունվելու շեմային պահանջը։ և մեկ տարով հետաձգելով մի շարք նորմերի կիրարկումը։
- Լիազորությունների հստակ բաժանում․ ով է գնահատում, ով է լիցենզավորում և ով է վերահսկում
Գործող օրենսդրությամբ նախատեսված էր, որ որակի ապահովման մասնագիտացված կառույցում պետք է գործեր լիցենզավորող հանձնաժողով, և նույն կառույցը պետք է նաև մշտադիտարկում իրականացներ լիցենզավորումից հետո։ Սակայն, ըստ նախագծի հիմնավորման, դա հակասում էր «Լիցենզավորման մասին» օրենքին և եվրոպական չափանիշներին (ESG 2015), որոնց համաձայն՝ որակի ապահովման կառույցը պետք է լինի լիովին անկախ և զերծ պետական վարչական գործառույթներից՝ արտաքին գնահատման օբյեկտիվությունն ու վստահությունը չկորցնելու համար։
Նոր կարգավորմամբ գործառույթները տարանջատվում են երեք օղակների միջև՝
Որակի ապահովման մասնագիտացված կառույց. Այլևս չի ունենա լիցենզավորող հանձնաժողովի գործառույթ և չի զբաղվի հետագա մշտադիտարկմամբ՝ իրականացնելով միայն մասնագիտական փորձագիտական գնահատում և տրամադրելով մասնագիտական եզրակացություն։
Լիազոր մարմին (ԿԳՄՍ նախարարություն). Մասնագիտացված կառույցի եզրակացության հիման վրա նախարարությունն է կայացնելու վարչական որոշումները՝ լիցենզիա տրամադրելու կամ մերժելու, նախազգուշացում տալու, խախտումները վերացված համարելու կամ լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ։
Կրթության տեսչական մարմին. Լիցենզավորումից հետո ուսումնական հաստատության գործունեության ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունը (ստուգում, տեսչավորում, դիտարկում) իրականացնելու է տեսչական մարմինը։
Նույն սկզբունքը տարածվում է նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի վրա՝ հստակեցնելով, որ ՄՈՒՀ-երի (քոլեջներ և ուսումնարաններ) ծրագրերի լիցենզավորման հարցում մասնագիտացված կառույցը տալիս է փորձագիտական գնահատական, իսկ թույլտվությունն ու լիցենզիան տրամադրում է նախարարությունը։
- Դիմորդների համար մեղմացվում է «լավ» գնահատականի պարտադիր շեմը
Դիմորդների և բուհերի համար ամենաէական փոփոխությունը վերաբերում է ընդունելության պայմաններին։ Գործող կարգավորմամբ բակալավրիատի, ինչպես նաև ինտեգրված (բժշկական) ծրագրերով առաջին շրջափուլով ընդունվելու համար պարտադիր պայման էր «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք արդյունքի առկայությունը։
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է հանել այս պարտադիր շեմը՝ բավարարվելով նշված առարկաներից դրական գնահատականներով վկայագրի առկայությամբ։ Հեղինակներն այս քայլը հիմնավորում են երկու հիմնական պատճառով․
Մատչելիության ընդլայնում. Բարձր շեմը կարող էր սահմանափակել դպրոցի շրջանավարտների՝ բուհ ընդունվելու հնարավորությունը և նվազեցնել դիմորդների թիվը՝ հատկապես այն մասնագիտությունների գծով (օրինակ՝ արվեստ, սպորտ), որոնք ուղղակիորեն կապված չեն մաթեմատիկայի կամ բանասիրության խորացված իմացության հետ։
Բուհերի ինքնավարության մեծացում. Կառավարությունը ընդունելության կարգով կսահմանի ընդհանրական պայմաններն ու նվազագույն շեմերը, իսկ բուհերը հնարավորություն կունենան իրենց կրթական ծրագրերի առանձնահատկություններին համապատասխան սահմանել ավելի ճկուն և տարբերակված ընդունելության չափանիշներ։
Կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը, սակայն, քննադատաբար է մոտենում ընդունելության շեմի մեղմացմանը՝ համարելով, որ դա ուղղված է բուհերում դիմորդների պակասի խնդիրը քողարկելուն։
RegionsTV-ի հետ զրույցում փորձագետն ասում է՝ բուհերը դատարկվում են նախևառաջ կրթության որակի և աշխատաշուկայի պահանջներին անհամապատասխանության պատճառով, և լուծումը մուտքի պահանջներն իջեցնելը չէ․ «Մենք հիմա գտնվում ենք շատ կրիտիկական փուլում՝ պայմանավորված արհեստական բանականության, ավտոմատացման համակարգերի և տեխնոլոգիաների զարգացմամբ ու դրանց բերած աշխատաշուկայի փոփոխություններով։ Մեր կրթական համակարգը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած և պետք է դրանց լուծումներ տալ։ Իսկ լուծումը հաստատ այն չէ, որ մաթեմատիկայի և լեզվի տարրական գիտելիքներ չունեցող դիմորդներին թույլ տան մուտք գործել բուհական համակարգ»։
Անդրադառնալով այն մտահոգությանը, թե բուհ ընդունվելու պայմանների մեղմացումը կարող է երիտասարդներին հետ պահել քոլեջներից ու ուսումնարաններից՝ կրկին ուղղորդելով դեպի բուհեր, փորձագետը նշեց, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը շատ կարևոր է, սակայն բուհական համակարգը չպետք է մղվի երկրորդ պլան։ Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների ու ավտոմատացման պայմաններում շատ մասնագիտություններ փոխվում են, և երկրին առաջին հերթին անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, որոնց պատրաստում են հենց բուհերը։
Նշենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարկված այս օրենսդրական փաթեթը դեռևս պետք է քննարկումների փուլն անցնի, հետո ներկայացվի կառավարության հաստատմանը։
Տիրուն Մարգարյան
