Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» | Region

Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ»

Նոյեմբեր 29,2026 11:59

«Անկախ դիտորդ» դաշինքը 2026թ․նոյեմբերի 29-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության 12 համայքներում։

Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 110 շրջիկ դիտորդների և 10 արագ արձագանքման խմբերի միջոցով։

Ժամը 10։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 317-ից 154 տեղամաս։

Առավոտվա նիստ

Տեղամասերի շուրջ 72%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00-ին, 28% տեղամասերում այն սկսվել է ուշացմամբ՝ առավելագույնը 20 րոպե։

Բոլոր դեպքերում դա պայմանավորված է եղել հանձնաժողովի անդամների ուշացմամբ և չի ունեցել էական ազդեցություն։ 1 տեղամասում նիստը սկսվել է 06։40 և հնարավոր չի եղել դիտարկել չհրկիզվող պահարանը բացելը, սակայն որևէ ակներև խախտում չի արձանագրվել։

Տեղամասերից 7-ում արձանագրվել են խնդիրներ, որոնք սակայն չեն ազդել գործընթացի վրա։

1-ում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել գործառույթներին և չի վարել նիստը։

1-ում վիճակահանությունը չի իրականացվել սահմանված կարգով․ հանձնաժողովը պայմանավորվել էր գործառույթների բաշխման հերթականության վերաբերյալ, այնուհետև ձևական վիճակահանություն իրականացրել, սակայն գրանցել նախնական համաձայնությամբ ամրագրված հերթականությունը։

Եւս 1 տեղամասում հանձնաժողովը արգելել է դիտորդին ծանոթանալ գրանցամատյանում տեղեկատվության հետ, սակայն խախտումը վերացվել է։

Բոլոր դիտարկված տեղամասերում տպվել և պատշաճ փակցվել է գրանցամատյանում ընտրողների բացակայության վերաբերյալ 0-ական տեղեկանքը։

Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 16-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնցից

2-ը կարող է վտանգել ընտրողի քվեարկության գաղտնիությունը,

7-ում անբավարար է եղել քվեարկության խցիկի հատվածում լուսավորությունը, ինչը երեկոյան ժամերին կարող է հանգեցնել ակամա բաց քվեարկության դեպքերի։

2 տեղամասերում դիտորդների գնահատմամբ սենյակային ջերմաստիճանը անբավարար ցածր է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման համար։

Իրազեկման նյութերը, քվեաթերթիկի նմուշը բացակայել են 3 տեղամասերում։

Հանձնաժողովի նիստերին վստահված անձինք ներկա են եղել տեղամասերի ընդամենը 58%-ում, իսկ 2 կուսակցությունների վստահված անձինք միայն 34%-ում։

Նիստերը ավարտվել են մինչև ժամը 8։00 դիտարկված բոլոր տեղամասերում։

Դիտարկումներ 10։30 դրությամբ

Տեղամասային կենտրոնների հետ կապված

Ժամը 8։00-ից քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 154 տեղամասային կենտրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից դիտարկված տեղամասերի 40%-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։

Տեղամասային կենտրոնների 44%-ը գնահատվել է անմատչելի։

Դիտարկված տեղամասային կենտրոնների 7%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում:

Նորություններ