«Գրադարանը՝ նորարարության հարթակ»՝ Գեղարքունիքի տարբեր համայնքներում | Region

«Գրադարանը՝ նորարարության հարթակ»՝ Գեղարքունիքի տարբեր համայնքներում

Ապրիլ 18,2024 12:44

Ապրիլին անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այն մեկնարկեց ապրիլի 15-ին և կտևի մինչև ապրիլի 22-ը՝ «Գրադարանը՝  նորարարության հարթակ» կարգախոսով։

Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանի, Գրադարանների կենտրոնացված համակարգի Սևան համայնքի բնակավայրերի գրադարաններում շաբաթը հագեցած է տարբեր գրադարանային և մշակութային իրադարձություններով։

Սեմյոնովկայի գրադարանում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված Պարույր Սևակի 100-ամյակին։

Զովաբերի գրադարանում ներկայացվել է «Հիշարժան տարեթվեր» խորագրով ցուցահանդես և գրական ցերեկույթ` նվիրված Վրթանես Փափազյանի 160-ամյակին։ Ցերեկույթի մասնակից երեխաները ընթերցել են գրողի ստեղծագործություններից։

Սևանի կենտրոնական գրադարանում Սևանի 4-րդ հիմն. դպրոցի 6ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Միքայելյան) ծանոթացել են գործող ցուցադրություններին։ Մանկական գրադարանում աշակերտները ծանոթացել են «Հեքիաթների աշխարհում» ցուցադրությանը։

Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ռուզաննա Դալլաքյան, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյան) Սևանի կենտրոնական գրադարանում անցկացրել են բաց դաս-քննարկում՝ նվիրված հայ մեծանուն գրող Րաֆֆու կյանքին ու գործունեությանը։ Մասնակցում էին նաև դպրոցի մեթոդմիավորման նախագահ Արմինե Ղազարյանը ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էմմա Իսրայելյանը։ Քննարկումն անցավ հետաքրքիր մթնոլորտում՝ համեմված ասմունքով և հետաքրքիր փաստերի ներկայացմամբ։ Վերջում աշակերտները գրքեր նվիրեցին գրադարանին։

Սևանի ԳԿՀ Ծաղկունքի գրադարանում հյուրընկալվել են Ծաղկունքի այլընտրանքային մանկապարտեզի երեխաները՝ (դաստիարակներ` Լ. Մկրտչյան և Ա. Բադալյան):

Երեխաները շրջել են գրադարանում, ծանոթացել օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին: Այնուհետև «Մանկական գրականություն» բաժնում երեխաներն ունկնդրել են Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը:

Այնուհետ փոքրիկները խաղացել են հայկական ժողովրդական խաղեր՝ «Հանելուկախաղ» և «Համրախաղ», իսկ շրջայցի ավարտին արտասանել քառյակներ։

Ազգային գրադարանային շաբաթը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը:

 

Անի Ղևոնդյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից )

 

 

 

 

 

 

 

 

 

Ռեգիոնս TV,  Գեղարքունիքի մարզ

Նորություններ