Անտոնիո Գուտերեշի ու Ջոն Քերիի հետ զրույցների ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձել է տարածաշրջանի իրադրությանը | Region

Անտոնիո Գուտերեշի ու Ջոն Քերիի հետ զրույցների ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձել է տարածաշրջանի իրադրությանը

Հունվար 19,2024 11:07

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար: Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը:

Հանրապետության նախագահն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին:

Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը:

Նորություններ