Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում. Միրզոյան
Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, և մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին՝ պատասխանելով Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի՝ խաղաղությանն ուղղված ջանքերի մասին հարցին:
«Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները»,- նշեց Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է ոչ այնքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն: «Եվ այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են՝ տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի»,- ասաց ԱԳ նախարարը:
Անդրադառնալով Խորվաթիայի կամ ԵՄ մասնակցությանը՝ Միրզոյանը նշեց. «Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Խորվաթիային և ԵՄ-ին՝ մեր տարածաշրջանում սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման համատեքստում: Արդեն իսկ հիշատակել եմ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ լրացուցիչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի և ԵՄ անդամ երկրներին 2023 թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած փախստականների հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերած աջակցության համար»: