Անբնական իրավիճակ է. Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունում, հայկական կողմից որևէ քայլ չկա. քաղաքագետ | Region

Անբնական իրավիճակ է. Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունում, հայկական կողմից որևէ քայլ չկա. քաղաքագետ

Հունվար 19,2024 21:30

Այս իշխանությունն ամեն ինչ արել և շարունակում է անել՝ նպաստելու  Ադրբեջանի այն մոտեցմանը, որ Արցախի հարցն այլևս գոյություն չունի և անիմաստ է այդ մասին խոսել: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ պետական մակարդակով որևէ իրական քայլ չի արվում վերադարձի հնարավորությունը քննարկելու ուղղությամբ.

«Այսօր կարիք կա համախմբելու Հայաստանի, Սփյուռքի բոլորն այն ուժերի ռեսուրսը, որոնք ի զորու են ձայն բարձրացնել, օրակարգ բերել արցախահայության հարցը: Մենք այսօր տեսնում ենք շատ անբնական իրավիճակ, երբ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունում, խոսում, պնդում, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ պետք է կիրառվեն, հիմքում դնում է նաև արցախահայության վերադարձի իրավունքը, Եվրոպական կառույցներից պարբերաբար այս մասին հայտարարություններ են հնչում, սակայն հայկական կողմից որևէ քայլ այս ուղղությամբ չենք տեսնում»:

Փորձագետի խոսքով՝ առանց Արցախի հարցի վերջնական լուծման, Երևանն ու Բաքուն իրական խաղաղության հասնել չեն կարող.

«Հնարավոր է պայմանագիր կնքվի, նրանք որոշեն տնտեսապես համագործակցել, բայց դա չի նշանակում հակամարտության կարգավորում, որովհետև հակամարտությունը հնարավոր է կարգավորված համարել այն պարագայում, երբ բոլոր խնդիրները լուծված են, բոլոր իրավունքները պաշտպանված են»:

Նորություններ