Ալիևը սպառնում է, իսկ Էրդողանն ու Պուտինը քաջալերում են նրան | Region

Ալիևը սպառնում է, իսկ Էրդողանն ու Պուտինը քաջալերում են նրան

Ապրիլ 24,2024 17:20

– Մինչև նոյեմբեր միանգամայն իրատեսական է Հայաստանի հետ խաղաղ համաձայնության հասնելը. Ալիև

– Ալիևը չի դադարում Հայաստանի հասցեին խոսել սպառնալիքների լեզվով.

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին սպառնալից հայտարարություններ է արել ADA համալսարանում կազմակերպված «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» միջազգային համաժողովում:

Հենց ռուս խաղաղապահները սկսեցին լքել Լեռնային Ղարաբաղը, Ալիևն անհապաղ որոշեց հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Թեև Ռուսաստան այցի մասին քիչ բան է հայտնի, սակայն ընթացիկ գործընթացներն ու Ալիևի հռետորաբանությունը հստակեցնում են Մոսկվա կատարած նրա այցի նպատակը: Կարելի է ենթադրել, որ Ալիևը Պուտինին համոզել է մի կողմ մնալ և չմիջամտել Հայաստանի հետ Ադրբեջանի «ռազբորկաներին»:

Ելույթ ունենալով խորհրդաժողովում՝ Ալիեւը հայտարարել է, որ միանգամայն իրատեսական է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնությությունը:  Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի գործոնն այլևս գոյություն չունի, և նշանակում է, որ գլխավոր խոչընդոտն այլևս չկա։  Եթե նրանք կառչում են ինչ-որ պակաս կարևոր տերմինից, ապա դա ակնհայտորեն նշանակում է, որ նրանք ցանկանում են օգտագործել այդ ժամանակն ավելի շատ զինվելու և մեզ վրա նորից հարձակվելու համար: Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա: Մենք վերջ կդնենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բազմամյա հակամարտությանը եւ կստորագրենք խաղաղության համաձայնագիր, որը կարող է իրականություն դառնալ մոտ ապագայում»:

Զգալով Էրդողանի աջակցությունը, Ալիևը, առանց վարանելու, բացահայտ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա: «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո մենք այդ չորս գյուղերի հարցը բարձրացրել ենք (նկատի ունի Տավուշի 4 գյուղերը)։  Իրականում մենք երբեք չենք մոռացել այդ գյուղերը»,-ասել է Ալիևը։  Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը Տավուշում հանձնեց ամրացված դիրքերը, Ալիևն այժմ պահանջում է, որ Նախիջևան տանող ճանապարհը գտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ։  Եռակողմ հայտարարության մեջ «Սյունիքի միջանցքը» չի հիշատակվում, սակայն նշվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև պետք է լինի ավտոմոբիլային հաղորդակցություն, որը պետք է վերահսկվի ռուս սահմանապահների կողմից:

Ալիևը խոսել է նաև Հայաստանի՝ այլ երկրներից սպառազինության գնումների մասին: «Մենք չենք կարող նստել և սպասել, որ Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը Հայաստանին զինեն մեր դեմ: Եթե մեզ համար լուրջ վտանգ ենք տեսնում, մենք պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նաև ընդգծել է Թուրքիայի հետ սերտ հարաբերությունները: «Ես գիտեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան ունեն նույն դիրքորոշումը, որ երկու գործընթացները՝ Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, պետք է զուգահեռ ընթանան։  Դա և մեր, և Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է», – ասել է Ալիևը։

Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա՝ ելնելով իրողություններից:  «Այժմ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է դադարեցնել անհիմն արտահայտությունները կրկնելը: Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի ազատվել սփյուռքի ազդեցությունից»,-հայտարարել է Էրդողանը:

Իր հերթին, Վրաստանի ԱԳ նախարարությունը թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ: Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր հաստատակամ հանձնառությունը ՝ աջակցելու խաղաղության գործընթացին և ամրապնդելու երկու հարևանների միջև վստահությունը»:

Իսկ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել է. «Մենք հարգում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերը: Սահմանային խնդիրները լուծվում են խաղաղ ճանապարհով, երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձ են, անհրաժեշտ է կայուն խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում՝ հարգանքի շրջանակներում»:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու անօրինական գործընթացը: Քաղաքացիները փորձում են փակել Այրումից դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը: Նրանք դեմ են համաձայնեցված սահմանազատման տարբերակին, որի արդյունքում ադրբեջանական զորքերը կհայտնվեն հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ։  Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղերի տարածքների հանձնումն Ադրբեջանին կապ չունի պետական սահմանի սահմանազատման գործընթացի հետ, սա ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից:

Պետք է հասկանալ, որ ոչ Թուրքիային/Ադրբեջանին, ոչ Ռուսաստանին խաղաղություն պետք չէ, այդ ուժային կենտրոնները գործում են ռազմական տրամաբանության շրջանակներում։  Դելիմիտացիայի գործընթացն իրականում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների շարունակման սովորական քողարկում է, որի արդյունքում հակառակորդը ստանում է ռազմական տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող հերթական հայկական տարածքները: Նիկոլ Փաշինյանին պարտադրում են գնալ զիջումների, ընդ որում, դա տեղի է ունենում 2020 թվականից հետո ոչ առաջին անգամ, ինչը զարմանք է առաջացնում։

Որոշ փորձագետներ պնդում են, որ պետք չէր սահմանազատման գործընթացը սկսել Ոսկեպարից: Եթե տեղի ընտրությունը ագրեսորների կողմից հայաստանյան իշխանությունների վրա ճնշումների արդյունք է, ապա պետք էր այդ մասին ասել հանրությանը։  Պետք էր բացատրել հայ ժողովրդին, թե ինչ է կատարվում, այլ ոչ թե փորձել համոզել հասարակությանը, որ անվերապահ պարտությունը և անվտանգության ռիսկերի ավելացումը հաղթանակ է և մեծ ձեռքբերում:  Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում, Հայաստանի դեմ պատերազմի շարունակությունն է:

Զաբելա Ավագյան  

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ