Բաքուն օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ կերտելով «նոր» պատմություն | Region

Բաքուն օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ կերտելով «նոր» պատմություն

Ապրիլ 24,2024 23:11

Monument Watch-ը ահազանգում է․

«2024 թվականի ապրիլի 16-ին ադրբեջանական İCTİMAİ TV հեռուստալիքի լուրերով ցուցադրվեց ընդարձակ ռեպորտաժ, որը նվիրված էր «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» մշակութային ժառանգությանը https://www.youtube.com/watch?v=t8Ax7-1P02U:

Ռեպորտաժում ադրբեջանական կողմը ներկայացնում էր «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող մշակութային ժառանգության մոնիթորինգը: Թիրախում առաջին հերթին մզկիթներն էին և քրիստոնեական հուշարձանները:

Եթե օկուպացված Արցախի իսլամական մշակութային ժառանգության մասին հնչում էին վերջին չորս տարիներին անընդմեջ կրկնվող թեզերը, ապա նորություն էր անդրադարձը քրիստոնեական ժառանգությանը:

Ադրբեջանի Հանրապետության Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության մամուլի քարտուղար Ֆարիզ Հուսեյնլին հայտարարեց, որ իրենց կողմից արված մոնիթորինգը ցույց է տվել, որ «հայկական օկուպացիայի ժամանակ» երկու տաճար օգտագործվել է որպես մարտական դիրք, քանդվել են քսան տաճարներ, որոշների վրա գրվել են հայերեն և ռուսերեն տառերով բառեր և արտահայտություններ, իսկ որոշ կոթողներում իրականացվել են դրանք հայկականացնելու գործողություններ:

Պաշտոնյայի կողմից նման ընդհանրական և առանց հիմնավորող փաստերի ասված խոսքերը դատարկ և պրոպագանդիստական հայտարարության տպավորություն են թողնում: Արվում են անհիմն հայտարություններ՝ առանց նշելու հուշարձանների անունները, դրանց գտնվելու վայրը, թվագրությունը, առանց լուսանկարների, տեսանյութերի ներկայացման: Չեն բերվում փաստացի հիմքեր, գիտական հիմնավորում հուշարձանների մասին:

Լավ կլիներ նաև, որ ադրբեջանական կողմը ի վերջո հասկանար գոնե իր համար, թե խոսքը ինչ տեսակի հուշարձանների մասին է, քանի որ մի դեպքում խոսվում է տաճարների, քրիստոնեական կոթողների և աղվանական քրիստոնեական կոթողների ու եկեղեցիների մասին: Այդ դեպքում ի վերջո ինչ է ավերվել և փաստվել իրենց կողմից:

Տեսանյութում արվում է մեկ այլ հայտարարություն ևս, թե Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում կառուցվող նոր մզկիթները այդ հողերի ազգային և կրոնական պատկանելիության ցուցիչ են: Դարերով հայկական բնակչություն ունեցած և 2020 թվականի պատերազմի հետևանքով հայաթափված բնակավայրերում, որտեղ վերջին չորս տարիներին միտումնավոր կերպով ջնջվում են հայկականության բոլոր հետքերը, նման հայտարարությունն ուղղակի  հաստատում է այն, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն:

Եվ, իհարկե, ոչ մի խոսք հայ քրիստոնեական և Արցախի անկախության շրջանի հուշարձանների ամենօրյա ոչնչացման քաղաքականության մասին:

Նորություններ