«Գյումրիշ» սուրճ եւ ոչ միայն. գյումրեցի կնոջ ստեղծած գողտրիկ անկյունը քաղաքի կենտրոնում
Ովքեր սուրճի գուրման են, եւ ովքեր համեղ սուրճից բացի փնտրում են վայր, որտեղ կարելի է վայելել այն և աշխատել հանգիստ միջավայրում, Նվարդը հրավիրում է իր ստեղծած փոքրիկ անկյունը՝ Գյումրիի կենտրոնում: Corner սրճարան-աշխատանոցի հիմնադիրը երկար կարող է խոսել սուրճի տեսակների, պատրաստման հմտությունների և որակյալ սուրճի առանձնահատկությունների մասին…
Լավ սուրճ պատրաստելը մի ամբողջ պրոցես է, արդյունքը կախված է ոչ միայն սուրճի որակից, այլ նաև պատրաստման գաղտնիքները հմտորեն կիրառելուց: Սուրճի պատրաստման տարբեր տեխնոլոգիաների փորձարկումներից հետո հիմա կարող են ամենաքմահաճ հաճախորդին գոհացնել:
Այստեղ անգամ Գյումրիի համն ու հոտն են փորձել սուրճին փոխանցել. ովքեր գալիս են Գյումրին բացահայտելու, Corner-ում կառաջարկեն համտեսել «Գյումրիշ» սուրճը, որը նրանց այցեքարտն է:
Նվարդն, ի դեպ, գորովանքով է խոսում հարազատ քաղաքի՝ Գյումրիի մասին: Երկարաժամկետ հեռանկարում նա իրեն Գյումրիում է պատկերացնում:
Գյումրին լավն է, ավելի լավը դարձնելու համար բոլորն անելիք ունեն: Օրինակ է բերում՝ ոչ թե պետք է քաղաքը հարմարեցնենք մեզ, այլ հակառակը՝ հարմարվենք մեր քաղաքին…
Երբ ամուսնու հետ միասին որոշեցին հիմնել սրճարան/աշխատանոց, արել են այնպես, որ Corner-ը քաղաքի կոլորիտին համահունչ լինի:
Իսկ գաղափարը ծնվեց պատահական և կյանքի կոչվեց շատ արագ՝ ընդամենը մեկ ամսում: Ամեն մանրուք հաշվի են առել: Նորություն էր աշխատանոցի գաղափարը Գյումրիում: «Բայց այն հաջողություն ունեցավ, պատճառը հենց այդ մանրուքները հաշվի առնելն էր և ստանդարտներից դուրս մտածելը»,- ասում է Նվարդը:
Այստեղ աշխատում են նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ… այս հարցում ևս բախվել են դժվարությունների: Բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա գաղափար: Մինչ դրանք հերթով կիրականացնի, Նվարդը բոլորին հրավիրում է Corner: