Բռնի տեղահանումից հետո ընտանիքը հայտնվել է տան փնտրտուքների անվերջ շրջապտույտում | Region

Բռնի տեղահանումից հետո ընտանիքը հայտնվել է տան փնտրտուքների անվերջ շրջապտույտում

Մայիս 05,2024 11:00

Օլեգ և Սինորա Իսախանյաները 2020թ.-ին տեղահանվել են Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից, հաստատվել են Ստեփանակերտում։ 2023թ.-ի սեպտեմբերի 27 ին Իսախանյանների ընտանիքը տեղահանվում է երկրորդ անգամ, և անցնելով գաղթի ճամփան՝ապաստան գտնում Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղին մոտ գտնվող Սիրանույշ ճամբարում։ Այնտեղ 7 ամիս ապրելուց հետո, վարձով տուն են գտնում գյուղում և տեղափոխվում։

Նրանց 2 երեխաները՝ Մաքսը և Մարին, հաճախում են տեղի միջնակարգ դպրոց։ Հարմարվել են այդ կրթօջախին, բայց հաճախ են հիշում Արցախի իրենց դպրոցը։ Մարին քչախոս է, նշում է՝ «Կարոտում եմ Արցախը, ընկերներիս»։ Իսկ Մաքսը հաստատակամ տղա է, հաղթահարում է ամեն մի դժվարություն, օգնում ծնողներին։

Իսախանյանները, երեխաների դպրոցը կարևորելով, հենց Հերմոնում տուն վարձակալեցին, սակայն տանտերը բանավոր պայմանավորվածությունները խախտել է, թույլ չի տվել մշակել տանը կից  այգին ու հողամասը։

Իրականում վարձակալած տանը, որտեղ ապրում են, չկա ոչ մի կոմունալ հարմարություն: Նոր տուն են գտել գյուղում, կրկին պետք է տեղափոխվեն։

Տանտիկինը՝ Սինորան, այս տեղափոխությունների շրջապտույտում չի կորցնում հույսը, ասում է՝ վստահ է, որ մի օր անպայման կվերադառնան սիրելի Արցախ ։

 

Մարիամ Մաթևոսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ