Ինչպե՞ս սկսել բիզնես ընդամենը 100.000 դրամով. Bee Care-ի հիմնադիր Անի Գալստյանի հաջողության բանաձևը
Մեղվապահի ընտանիքում մեծանալը ոչ միայն մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր խաղաց, այլ նաև բիզնեսի հիմնադրման: Դեղագետ Անի Գալստյանը որոշեց ակնամոմի և մեղրամոմի յուրահատուկ բուժիչ հատկությունները հաշվի առնելով՝ սկսել կոսմետիկ միջոցների արտադրություն:
Տեխնոլոգիայի ուսումնասիրություն, մասնագիտական հմտություն, մեղվապահ հայրիկ, ով իր խորհուրդներով միշտ պատրաստ է օգնել և ոգևորել Անիին, և արդյունքը սեղանին է:
Հակաբորբոքային, խունավեցնող, սնուցող և փափկեցնող քսուկներ՝ բնական հումքով պահանջարկ ունեն, ասում է Անին: Կոսմետիկ այս միջոցների բաղադրությունը բնական է, զերծ քիմիական հավելումներից: Սա է իր արտադրանքի հիմնական առանձնահատկությունը:
Գաղափարը կյանքի կոչելու համար մեծ գումար պետք չէր, սիմվոլիկ ներդրում, կամք՝ գործի մեկնարկը տալու, և իհարկե չդադարող աշխատանք:
Սպառողների հետ անհատական աշխատանք ևս տանում է: Մանավանդ, եթե բուժական նպատակներով են ձեռք բերում քսուկները:
Արդյունքը գոհացնում է Անիին, բայց միևնույն ժամանակ պարտադրում՝ տեղում չդոփել, այլ ստեղծել ավելին, մտածել ունեցածը զարգացնելու մասին:
Անին երազում է դառնալ խոշոր հարկատու, ով իր լրջագույն ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: Իսկ երկրի վերքերը միայն աշխատանքով է հնարավոր լինելու սպիացնել. այլ ճանապարհ չկա, ասում է նա: