«Մարդը ճանաչվում է իր մտահոգությունների մեջ». Շիրակի թեմի առաջնորդն աջակցություն է հայտնել Բագրատ Սրբազանին
«Մարդը ճանաչվում է իր մտահոգությունների մեջ։ Եթե մարդու մտահոգությունները միայն անձնական են, նշանակում է` այդ մարդը էգոիստ է, անձնասեր։ Եթե մարդու մտահոգությունները իրենից դուրս են, նշանակում է` նա կարող է լինել հայրենասեր, մարդասեր, օտարասեր, այլասեր։ Մենք պիտի հանենք մեր մտահոգությունները մեր միջից, պիտի դիտենք համայնական մտահոգությունները և պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան»։
Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, պատարագից հետո ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ աջակցություն հայտնելով Բագրատ Սրբազանի մեկնարկած շարժմանը:
«Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը, ուզում եմ, որ իմանաք: Սրանից դուրս ամեն մեկը կարող է ինքը որոշել իր մասնակցության չափը, կամ հետեւել այն հրահանգներին կամ ցուցումներին, որոնք կարող եմ ես տալ, այսօր, վաղը կամ մեկ այլ օր: Նրանք ովքեր ցանկություն չունեն անվերապահորեն հնազանդվելու իմ թելադրանքներին կարող են ազատ զգալ: Իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի հրահանգներ, ուղղորդումներ, առաջիկայում կստանան»,-ասաց նա: