Երբ աշխատում ես հրեշտակների հետ, երբեք չես ծերանում. «Սիրի» զարգացման կենտրոնի հիմնադիրը կարծրատիպեր կոտրեց | Region

Երբ աշխատում ես հրեշտակների հետ, երբեք չես ծերանում. «Սիրի» զարգացման կենտրոնի հիմնադիրը կարծրատիպեր կոտրեց

Հունիս 29,2021 20:00

Մեր գործը հրեշտակների հետ է, նրանց հետ հեշտ էր հաղթահարել անհաղթահարելին՝ ապրել պատերազմի դժոխային օրերն ու շարունակել ժպտալ, որովհետև դա են ստիպում երեխաները, ասում է Գյումրիում գործող «Սիրի» մանկական զարգացման կենտրոնի տնօրենը:

Իսկ պատերազմն իր հետքը թողեց անշուշտ. ոչ ոք փոքրիկներին չասաց՝ ինչ նկարեն, բայց նրանք վերցրեցին մատիտներն ու տանկեր նկարեցին, եռագույնով փարված զինվորներ:  Նրանք հասկացան ու զգացին ամեն ինչ:

«Ուրիշ սերունդ է մեծանում»,- ասում է Էլյան՝ հայրենասեր, ուժեղ, խելացի…

«Սիրի» կենտրոնը Էլյա Վարդանյանը հիմնադրեց երեք տարի առաջ, երբ ընդամենը 25 տարեկան էր:

Ասում է՝ երեխաների հետ ինքը երբեք չի ծերանալու: Որքան էլ մեծանա, իրեն միշտ 23 տարեկան է զգալու:

Սկսած գործը բարդ էր ու պատասխանատու: Սկզբում, իհարկե, կային վախեր՝ ինչպե՞ս է կարողանալու գործը գլուխ բերել: Իրեն օգնեցին երեխաները և երեխաների հանդեպ իր սերն ու հոգատարությունը:

Սկզբում կենտրոնի միակ սանը իր բալիկն էր՝ Սիրին, ում անունով և կոչեց կառույցը: Հետո հետզհետե սկսեց իր շուրջ հավաքել այլ երեխաների: Այնքան, որ իր աղջնակը սկսեց խանդել ու խանգարել, երբ մայրիկն իրենից բացի բազմաթիվ բալիկների  իր գիրկն ընդունեց:

Ի՞նչը օգնեց, որ զարգացման կենտրոնը կարճ ժամանակահատվածում կարողացավ տասնյակ փոքրիկների ժամանցի կենտրոնը դառնալ: Էլյան ասում է՝ հոգատարությունը, որով պարուրել են  կենտրոն ոտք դնող յուրաքանչյուր բալիկի:

Հետո նաև այն աշխատանքը, որը տարվում է յուրաքանչյուր երեխայի հետ, գիտելիքները, որը տալիս են փոքրիկներին, նախադպրոցական տարիքի երեխաներին լիարժեք պատրաստում դպրոց ոտք դնելուն:

Էլյայի համար կենտրոնը բիզնես չէ, այլ ապրելակերպ… առանց երեխաների իր համար բարդ է:

Չնայած տարիքին, կարծրատիպեր է կոտրել.  ո՞վ է ասել, թե կինը չի կարող… դժվարություններ ամեն տեղ կան, պատասխանատվությունն այս գործում ահռելի է, բայց ինքը կարողացավ:
Ոլորտում աճող մրցակցությունը Էլյային չի մտահոգում: Ավելին, կարծում է՝ օգնում է զարգանալ, կատարելագործվել, ներդրում կատարել երեխաների մեջ՝ գիտելիքի ներդրում։ Ամենակարևոր գործը՝ բոլոր ժամանակներում:

Նորություններ