Ադրբեջանը նպատակաուղղված ոչնչացնում է խորհրդային և վերջին 30 տարիներին Արցախում կանգնեցված հուշարձանները | Region

Ադրբեջանը նպատակաուղղված ոչնչացնում է խորհրդային և վերջին 30 տարիներին Արցախում կանգնեցված հուշարձանները

Մայիս 09,2024 12:03

 Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանների ճակատագիրն Արցախում

Ադրբեջանցիները՝ գերմանական բանակի շարքերում   

Ձևավորված ավանդույթի համաձայն, հայ ժողովուրդը մայիսի 9-ը նշում էր որպես եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, Շուշիի ազատագրման օր և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման օր: Այսօր մենք հպարտանում ենք պատմական 3 հաղթանակների ձեռքբերումներով։ Հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախցիները, կողք-կողքի կռվել են ֆաշիզմի դեմ և հիրավի հսկայական ներդրում ունեցել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի գործում:

Պատերազմին մասնակցել է ավելի քան 500 հազար հայ՝ միայն Հայաստանից։  Ստեղծվել է 6 հայկական հատուկ դիվիզիա: Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է 4 մարշալ, իսկ 83 սպաներ ստացել են գեներալական կոչումներ: Պատերազմին մասնակցելու համար ավելի քան 66 հազար հայեր պարգևատրվել են տարբեր պետական պարգևներով։ 117 զինվոր և սպա արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Ի դեպ, ադրբեջանցիները ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների շրջանում Հայրենական մեծ պատերազմում դավաճանների թվով բացարձակ ռեկորդակիր են։ Ռազմաճակատ է մեկնել 300 հազար էթնիկ ադրբեջանցի, որոնցից 160 հազարն անցել են գերմանական կողմ, միացել նացիստական զորքերին և կատարել ամենակեղտոտ աշխատանքը՝ բռնազավթված շրջաններում խաղաղ բնակիչների նկատմամբ հաշվեհարդարները, ինչի համար ամենաբարձր պարգևների են «արժանացել»։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մամեդ Էմին Ռասուլզադեն զբաղվել է Վերմախտի ադրբեջանական լեգեոնի կազմակերպմամբ և ակտիվ քաղաքական մասնակցություն է ունեցել ֆաշիստական Գերմանիայի կողմից: Այժմ նրա հուշարձաններն ու կիսանդրիները տեղադրվում են Ադրբեջանում, նա ներկայացվում է որպես հասարակական և քաղաքական գործիչ։

Հարկ է նշել, որ այս հանգամանքն ուղղակի և անուղղակի ազդեցություն ունի անկախ Ադրբեջանի նոր սերունդների ձևավորման վրա։  Ադրբեջանցի լեգեոնականների հանդեպ լոյալությունը և արմատական ազգայնականությունը վերջին 30 տարիների ընթացքում դաստիարակել են հենց այն սերունդը, որն այսօր զբաղված է Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների արձանների և հուշարձանների ոչնչացմամբ:

Բացի այդ, ադրբեջանցիները Խորհրդային Միությանը չեն տվել ոչ մի մարշալ, ոչ մի ծովակալ, ոչ մի փոխծովակալ։ Համեմատության համար նշենք, որ հայերը տվել են 4 մարշալ, 1 ծովակալ և 9 փոխծովակալ։ Բազմամիլիոնանոց ադրբեջանական ժողովուրդը ավելի քիչ հերոսներ է տվել ԽՍՀՄ-ին, քան փոքրիկ Արցախը, որի բնակչության շուրջ մեկ երրորդը՝ ավելի քան 45 հազար արցախցի, կռվել են Հայրենական պատերազմի ճակատներում։ Արցախը տվել է ԽՍՀՄ հերոսներ, մարշալներ, գեներալներ: Արցախյան փոքրիկ Չարդախլու գյուղը 2 մարշալների ծննդավայր է՝  Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի։ Ծնունդով Արցախից էին նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը, կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ գեներալներ ու սպաներ:

Եվ երբ Ադրբեջանի նախագահը մայիսի 9-ին հայտարարում է, թե իբր Ադրբեջանը տվել է ԽՍՀՄ 116 հերոս, նա այդ թվում ներառում է 48 արցախահայերի, ինչպես նաև ռուսների և այլ ազգությունների ներկայացուցիչների, որոնք ապրել են արհեստականորեն ստեղծված Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Ադրբեջանը նպատակաուղղված ոչնչացնում է խորհրդային տարիներին և վերջին 30 տարիներին Արցախում տեղադրված հուշարձանները։ Մեծ Հայրենականի հերոսների հուշարձանները քանդելու քաղաքականությունը Ադրբեջանում ավանդույթ է դարձել։ Այսպես, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո նրանց առաջին քայլը Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների բոլոր հուշարձանները քանդելն էր։  Միայն Շուշի քաղաքում է քանդվել Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, ԽՍՀՄ հերոս Իվան Թևոսյանի հուշարձանները: Ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում զոհված 99 զինվորների գերեզմանը։ Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ապամոնտաժել են ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովի կիսանդրին։ Հադրութի շրջանում ավերվել է Խորհրդային Միության մարշալ Իվան Խուդյակովի հուշարձանը, Ազոխ գյուղում ոչնչացվել է գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը, իսկ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է մարշալ Արմենակ Խանփերյանցի թանգարանը։ Քարին Տակ և Ակնաղբյուր գյուղերում պղծվել և ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողները, իսկ Ավետարանոցում ինքնաձիգներից նշանառությամբ գնդակոծվել է Հայրենական մեծ պատերազմի ազատամարտիկների հիշատակի համալիրը: Եվ այս ամենն անձամբ Իլհամ Ալիևի հրամանով։ Ադրբեջանը խախտել է ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ մշակութային արժեքների անձեռնմխելիության 4 սկզբունքները, այլև օկուպացված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ Հաագայի, Ժնևի և միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները:

Ադրբեջանը Արցախի ամբողջական հայաթափումից հետո շարունակում է Արցախի մշակութային արժեքների ոչնչացման պետական քաղաքականությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը մի շարք բանաձևեր են ընդունել Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Սակայն համացանցում առկա նյութերը բավարար են իրական քրեական հետապնդում սկսելու համար։ Արցախի նկատմամբ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հետ կապված հարցերն անհրաժեշտ է բարձրացնել նաև միջազգային համաժողովներում:

Միայն Արցախի օկուպացված տարածքների պատմամշակութային հուշարձանները պաշտպանելու պահանջների ակտիվացումը կարող է դրական արդյունքներ տալ, առավել ևս, որ Ադրբեջանը մշտապես խախտում է միջազգային կոնվենցիաները: Սա հետևանք է այն բանի, որ Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունները պատշաճ իրավական գնահատական չեն ստացել, մեղավորները չեն պատժվել։

Զաբելա  Ավագյան

Նորություններ