Փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ | Region

Փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ

Մայիս 11,2024 20:31

Քաղաքացի Վազգեն Հարությունյանը «5 հարց Արմեն Աշոտյանին» նախագծի շրջանակներում քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել էր մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողության և դրան հաջորդած «պառադին» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բացակայության  մասին։ Քաղաքացին հարցրել էր«Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալիևը չեն մեկնելու երդմնակալության և «պառադի» արարողություններին, բայց մայիսի 8-ին հանդիպելու են Պուտինի հետ, սա ի՞նչ խաղ է, ի՞նչ հետևանքներ կունենա էս ամենը»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման արդյունքների և հետևանքների մասին տեղեկատվությունը չափից խիստ դոզավորված է, բայց կարող ենք որոշ կարևոր արձանագրումներ անել։ Անվտանգության տեսակետից ամենավտանգավորն այն է, որ Նիկոլն Ադրբեջանի հետ սահմանակից մարզերից ոչ միայն հեռացնում է հայկական զորքերը, այլև այնտեղ Նիկոլի խնդրանքով ժամանակին տեղակայված ռուսական ռազմական միավորները։

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանը դառնում է թշնամու զորքի համար խիստ խոցելի, գրեթե «էստի համեցեք» վիճակ է ստեղծվում, ինչը, չի բացառվում, լինի Փաշինյանի կողմից հերթական  ծուղակը հայ ժողովրդի գլխին, որը կարող է գործարկվել, օրինակ, երբ ներքաղաքական լարվածությունը հասնի իր գագաթնակետին։

Ի դեպ, չեմ բացառում, որ սահմաններից ռուսական զորքի դուրսբերումը համաձայնեցված է նաև ԵՄ դիտորդական առավելության հետ։ Ակնհայտ է, որ փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ, և նրանք երկուսով առաջ են տանում Հայաստանի համար կործանարար «կարգավորում՝ առանց միջնորդների» բանաձևը, որն իրականում մեր դեպքում նշանակում է «կարգավորում»՝ առանց երաշխիքների, առանց միջազգային իրավունքի, առանց  արդարության, առանց հայկական շահերի։

Հատկանշական է, որ այս ամենի ֆոնին բոլոր նրանց, ովքեր մատնանշում են Նիկոլի նման պռավալները, իշխանական փտած քարոզչամեքենան փորձում է ներկայացնել՝ որպես «ռուսի չեմպիոն»:

Զավեշտալի է, իհարկե, խալխի, տվյալ դեպքում՝ թուրքի շահը բացահայտ կերպով սպասարկողների կողմից ազգային մտածելակերպով մարդկանց պիտակավորումը՝ որպես «ռուսի մարդ»։ Կրկնակի զավեշտալի է այդպիսի կոյուղային գարշահոտության տարածումն այն իշխանությունների կողմից, որոնք իրենք իրենց հրապարակավ կոչում էին «ամենառուսամետ իշխանություններ», որոնք Սիրիա ապօրինի զորք էին ուղարկում (երբ անգամ Բելառուսը չէր ուղարկում), որոնց ղեկավարության մի մասը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո սեփական ժողովրդից թաքնվում էր հենց Մոսկվայում (օրինակ՝ Ալեն Սիմոնյանը)»։

 

Նորություններ