«Կյանքը ինձ դարձրեց ուժեղ». ո՞րն է վանաձորցի բիզնես լեդիի հաջողության գրավականը
Օր, որը սկսվում է առավոտյան 6-ին, ավարտվում… Աստված գիտե՝ երբ: 18-ժամյա տեմպ է սիրում Լուսինեն, գերզբաղված առօրյա, որ հասցնի ամեն ինչ… և հասցնում է։
Իսկ չի՞ հոգնում գլխապտույտ վազքի մեջ: Դե իհարկե հոգնում է: Թե ինչքան է այն տևում Լուսինեի մոտ, կես կատակ-կես լուրջ ասում է՝ բազմոցից մինչև հայելի: Դժգոհելու, անհաջողության համար մեղքը սրա-նրա վրա բարդելու ժամանակ չկա: Ինքը պահանջկոտ է, ամենաշատը իրենից է պահանջում:
Լուսինե Բարաթյանին Վանաձորում շատերն են ճանաչում: «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիրը բիզնեսի հաջողության գրավականներից է համարում վանաձորցիների սերը:
Լուսինեն էլ սիրում է իր քաղաքը: Հուզվում է: Եթե երբևէ որոշի հեռանալ Վանաձորից, ապա միայն նոր ներդրումներ բերելու համար:
Խնամքով է վերաբերվում բիզնեսին, փայփայում՝ երեխաների նման:
Գործարարության մեջ էլ ամենակարևորը ազնվությունն է, ասում է Լուսինե Բարաթյանը:
Իսկ ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ հասկացավ, որ հույսն իրենից բացի որևէ մեկի վրա դնել չի կարողանալու: Իսկ ի՞նչը մոտիվացրեց իրեն, որ մի կողմ դրեց թնկթնկան կնոջ գոգնոցը և որոշեց բոլորին ապացուցել, որ կինը կարող է լինել գերզբաղված, բայց հասցնել ամեն ինչ…
«Չեմ սիրում, երբ ինձ խղճում են»,- ասում է նա:
Նախքան ընկերության հիմնումը տանը կիսաֆաբրիկատներ է պատրաստել ու վաճառել: Հետո Վանաձորում առաջինն էր, որ սկսեց ֆուրշետների կազմակերպման աշխատանքները: Դա 2005 թվականն էր, երբ այդ մշակույթը դեռ չկար: Այդուհետ բոլոր լուրջ միջոցառումները սկսեցին հենց նրբաճաշակ այս կնոջը վստահել:
2016-ից Լուսինեն նորովի սկսեց կիսաֆաբրիկատների արտադրության գործը: Արդեն շուկային ավելի լավ էր ծանոթ, գործի նրբություններին ևս:
Ուժեղ կին է Լուսինեն: Սակայն պատերազմն ինչպես բոլորին, այնպես էլ իրեն խոցեց: Այժմ ուրիշ կերպ է սիրում իր գործը, քաղաքը, հայրենիքը: Ամեն թուփ ու քարի նայում է կորցնելու վախով:
Որպեսզի չկորցնենք, տնտեսության զարգացման ուղղությամբ ահռելի աշխատանք պետք է տարվի: Ուժեղներից չեն խլում, ուժեղները հաղթում են, այնպես, ինչպես ինքը:
Երբ որդին ծնվեց առողջական որոշակի խնդիրներով, ամուսինը իրեն կանգնեցրեց երկընտրանքի առաջ: Լուսինեն ընտրեց որդուն, և այդուհետ կյանքը նրա համար կռիվ է՝ հանուն որդու, հանուն հարազատների, հանուն երկրի…