Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ ահազանգ | Region

Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ ահազանգ

Մայիս 14,2024 22:35

Monument Watch-ը ահազանգում է․

«Օրերս մեր գործընկեր՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի (ՀՃՈՒ)  կողմից տարածվեց Ադրբեջանի մշակութային վանդալիզմի մասին հերթական դեպքը, որը փաստվեց նաև ադրբեջանական թելեգրամյան ալիքներով։ Այս անգամ  Ադրբեջանի կողմից հիմնահատակ ավերվել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, որի կառուցումն ավարտվել էր 1998 թվականին, իսկ  գմբեթի խաչը օծվել  նույն տարվա մայիսի 31-ին:

Եկեղեցու ճարտարապետն էր Հրաչյա Գասպարյանը, իսկ շինարարությունը ղեկավարել էր Գեորգի Առաքելյանը։  Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի հեղինակներն էին անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, նկարիչ Կարո Մկրտչյանը, փայտագործ վարպետ Վանո Դադոյանը և ուրիշներ (եկեղեցու մասին մանրամասն տես՝ Բերձորի սբ. Համբարձման եկեղեցին – Monument Watch)։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականից Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» ներկայացրել էր եկեղեցին մզկիթի  վերածելու նախագիծ։

Եկեղեցու ոչնչացումը կանխամտածված քայլ էր, ինչը ցուցում են ադրբեջանական թելեգրամյան հարթակներում տարածված նյութերը։ Ի մասնավորի Ադրբեջանական կողմը նշում է, որ «․․․1998 թվականին հայ բարբարոսները Լաչինում կառուցել են «եկեղեցու» տեսքով ինքնաշինություն։ Հայկական օկուպացիայից Լաչինի ազատագրումից հետո հայերը փորձեցին միջկրոնական թշնամություն հրահրել՝ պատմություններ հորինելով, թե ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են «եկեղեցին» վերածել մզկիթի։ Արդյունքը տրամաբանական է՝ ապօրինի ինքնաշինությունը վերացվել է Telegram: Contact @MaidenTower»։

Հարկ է շեշտել, որ սա Ադրբեջանի կողմից եկեղեցիների հիմնահատակ ոչնչացման առաջին դեպքը չէ։ Դեռևս 2021 թվականի մարտի 25-ին ոչնչացվել էր Մեխակավանի Զորավոր սբ․ Աստվածածին եկեղեցին, հոկտեմբերին Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին , իսկ արդեն  2024 թվականի ապրիլին Շուշիի Կանաչ ժամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Մեր արձագանքը

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս(ICC, Policy on Cultural Heritage, para. 78)։

Ֆիզիկական վնասներից բացի, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է ․  «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում  և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում    նշվում է,  որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով  երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը։ Նմանապես, ոչ ոք չպետք է բացառվի մշակութային պրակտիկաներից, արժեքների հասանելիությունից (Պարագրաֆ 22, https://www.refworld.org/docid/4ed35bae2.html):

Եկեղեցու ոչնչացումը նաև ստեղծագործ անհատների՝ ճարտարապետի, շինարարի, քանդակագործի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է»։

Նորություններ