Վայոց ձորում արջերի գրոհը շարունակվում է. այս անգամ տուժել են մեղվապահները
Վայոց ձորում արջերը կրկին մտել են այգիներն ու վնասել մեղվափեթակները: Այս անգամ տուժողը Հերմոնի բնակիչ Սահակ Հովհաննիսյանն է: Արջը մտել է նրա այգի, շուռ տվել մեղվափեթակները, շրջանակները տարել ծառի տակ ու կերել մեղրը: Նման դեպք էր գրանցվել նաև 2 տարի առաջ, և Սահակն իր մեղվաընտանիքները Հերմոնից Աղավնաձոր գյուղի տարածք էր տեղափոխել, բայց այնտեղ էլ դրանք արջի աչքից չեն վրիպել։
Բնակիչները հույս չեն դնում փոխհատուցումների վրա, ամեն մեկը փորձում է ինչ որ կերպ պաշտպանվել արջից։
Սահակ Հովհաննիսյանի մեղվափեթակների հարևանությամբ էլ գտնվում է մեկ այլ մեղվապահի՝ Մհեր Հովսեփյանի փեթակները։ Նա անհանգստանում է, եթե արջը Սահակի մեղուներին վնաս է հասցրել, հաջորդը կարող է իրենը լինել:
Վայոց ձորի շատ գյուղերում մարդիկ վախով են քնում ու արթնանում:
Ըստ «Եղեգ» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Լիպարիտ Ասատրյանի, արջերը մոտենում են բնակավայրերին մի շարք պատճառներով, որոնցում մարդկային գործոնը մեծ դեր ունի։
Նշենք, որ տեսանյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ նոր տեղեկություն ստացվեց, որ արջերը մտել են նաև Մհեր Հովսեփյանի այգի՝ վնասելով նրա մեղվափեթակները:
Կարմիր գրքում գրանցված գորշ արջին վնասելը քրեորեն պատժելի արարք է, փոխհատուցումների քաշքշուկից հոգնած գյուղացիները, հաճախ վնասների փոխհատուցման համար չեն էլ դիմում որևէ տեղ, բայց արջի հետ մենամարտը գնալով դառնում է կենսական խնդիր, որում մարդու, քաղաքացու թիկունքին պետք է ամուր կանգնի պետւթյունը։