«Ընտրությունը քո՛նն է». առողջ ապրելակերպի արշավ Գորիսում
Գորիսի Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակը մարդաշատ էր։ Կողք կողքի բացված տաղավարներում մեծ ու փոքր անցել էին գործի։ Առիթը «Ընտրությունը քո՛նն է, ընտրի՛ր առողջ ապագան» խորագիրը կրող առողջ ապրելակերպի արշավն ու հանրային իրազեկման միջոցառումներն էին, որին մասնակցում էին Գորիսի դպրոցների սաները` առողջ ապրելակերպի իրենց բաղադրատոմսերով։
Մինչ կպատրաստվեին ամենաառողջ ուտեստները, հրապարակում ելույթ ունեցան Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների համույթը, «Սյունիք» պարային ստուդիայի սաները, կազմակերպվեցին տարբեր խաղեր:
Այնուհետ երեխաները քայլերթով շարունակեցին իրազեկման միջոցառումը, պատրաստված անուշահամ և առողջարար ուտեստներով հյուրասիրեցին բնակիչներին։ Ամբողջ միջոցառման ընթացքում մասնակիցներին իրենց աջակցությունը ցուցաբերեց նաև Գորիսի բժշկական կենտրոնի թիմը։
Ալբերտ Արոյան, Միլլանա Լալայան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակիցներ)