Խաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սպանը վարեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 21 նոր կամավորների երդման կարգը
Այսօր Խաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սպանը վարեց Խաղաղության կորպուսի 21 նոր կամավորների երդման կարգը։ Նոր կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն հաջորդ երկու տարվա ընթացքում։
Կամավորները կհամագործակցեն դպրոցների անգլերենի ուսուցիչների և երիտասարդական կառույցների հետ:
Այսօր տեղի ունեցած երդման արարողությունը եզրափակում է եռամսյա նախապատրաստական դասընթացը և նշանավորում Հայաստանի կառավարության և Խաղաղության կորպուսի 32-ամյա համագործակցության նոր փուլի սկիզբը։
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, համայնքային գործընկերներ, ինչպես նաև Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի անձնակազմը։
«Այսօր ոչ միայն նոր փուլ է սկսվում Խաղաղության կորպուսի կամավորների նոր խմբի համար, այլև ազդարարվում է հայ ժողովրդի հետ կայուն համագործակցության շարունակության մասին»,-ասաց Խաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սպանը։ «Կամավորների այս նոր խումբը կշարունակի 32-ամյա համագործակցության պատմությունը, որն ամրապնդված է ծառայության ընթացքում ձևավորված կապերով։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում հայ ժողովրդին ձեր սրտերը և տները մեր կամավորների առաջ բացելու համար․ ընկերությունը և մարդկային կապը, որ ծառայության ընթացքում ստեղծվում է կամավորների և իրենց հայ համայնքների ներկայացուցիչների միջև, շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում»։
Հայաստան իր այցելության ընթացքում տնօրեն Սպանը հանդիպեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ՝ շնորհակալություն հայտնելու Խաղաղության կորպուսի գրասենյակին տրամադրված շարունակական աջակցության համար, ինչպես նաև քննարկելու համագործակցության նոր հնարավորություններ տեղական առաջնահերթություն ունեցող ծրագրերում։
Տնօրեն Սպանը նաև հանդիպեց Խաղաղության կորպուսի կամավորների, անձնակազմի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համայնքային գործընկերների, հյուրընկալող ընտանիքների հետ։
Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում և քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի 37 կամավոր: Ծառայության ընթացքում կամավորները սովորում են խոսել հայերեն, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու փոխըմբռնման կամուրջներ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև։
Խաղաղության կորպուսի ծառայությունը հնարավորություն է տալիս ամերիկացի կամավորներին կիսվել իրենց հմտություններով հայ համայնքներում, սովորել նոր հմտություններ, և ավելի լավ պատկերացում կազմել այլ երկրների մասին, որը շատ է արժևորվում այսօրվա աշխարհում։
Ավելի քան 1,145 Խաղաղության կորպուսի կամավոր է ապրել և ծառայել հայ Հայաստանում 1992թ․-ից ի վեր, երբ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրվեց երկկողմանի համաձայնագիր՝ հիմնելու Խաղաղության կորպուսի ծրագիրը Հայաստանում, որը նպատակ ունի խաղաղություն և բարեկամություն հաստատելու երկու ժողովուրդների մեջ։
ԱՄՆ Խաղաղության կորպուսի մասին
Խաղաղության կորպուսը ամերիկացի կամավորներից, հյուրընկալող երկրի գործընկերներից, Խաղաղության կորպուսի անձնակազմից և համայնքի անդամներից բաղկացած ծառայության միջազգային ցանց է, որի առաքելությունն աշխարհում խաղաղության ու բարեկամության ամրապնդումն է։ Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով Խաղաղության կորպուսի կամավորները աշխատում են համայնքի անդամների կողքին՝ օգնելով նրանց իրականացնել տեղական առաջնահերթություն ունեցող ծրագրեր։
1961թ․-ից ի վեր, ինչ Ջոն Ֆ․ Քենեդին հիմնել է ԱՄՆ Խաղաղության կորպուսը, ավելի քան 240,000 ամերիկացի է ծառայել աշխարհի 142 երկրում։
ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ․-ից սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով։ Խաղաղության կորպուսը նպաստել է երկու՝ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ Խաղաղության կորպուսի կամավորները հայ ժողովրդի հետ կիսվել են իրենց մշակույթով, ինչպես նաև ներկայացրել հայ մշակույթը ԱՄՆ-ի իրենց համայնքներում։