Հային ու հայրենիքը դավաճանածները որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե ծրագրեր ենք անում | Region

Հային ու հայրենիքը դավաճանածները որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե ծրագրեր ենք անում

Մայիս 24,2024 10:24

Արցախցիների դեմ իշխանության, դրանց արբանյակների գործողությունները վաղուց անցել են բարոյականության սահմանները: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հային ու հայրենիքը դավաճանած անձինք որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե սոցիալական ծրագրեր ենք անում, Հայաստանում տեղավորում կամ աշխատանք ենք տալիս:

Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում:

Նույնն է, որ ծնողը ընտրողաբար մոտենա իր զավակների կյանքին ու ճակատագրին:

Ի՞նչ տարբերություն, թե հայը Ստեփանակերտում, Մեղրիում, Կապանում, Երևանում, թե Վանաձորում է ծնվել:

Հայկական պետությունը պետք է ապահովի և´ նրանց անվտանգությունը, և´ բնականոն կյանքն ու զարգացումը:

Արցախցիները 3 տասնամյակ եղել են բառիս բուն իմաստով ճակատում, իրենց ընտանիքներով վահան եղել հային ու նրա ճակատագրին` անկախ նրանից, թե այդ հայը ծնունդով որտեղից էր կամ որտեղ էր ապրում, իսկ իշխանության ներմուծած գարշելի բառապաշարը դուրս է որևէ կարգի տրամաբանությունից:

Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սա այսօր, վաղը պետք է ականջներին օղ անեն բոլոր իշխանությունները: Եթե այսօր մեր հայրենակիցներին թիկունք կանգնելու, օգնելու հարց կա` դա բոլորիս պարտականությունն է և վաղը դրա կարիքը կարող է ունենալ յուրաքանչյուրը:

Արցախը թուրքացվեց, ոչ թե նրա համար, որ Արցախցին հանձնվեց, այլ որ նրա ապագան փաշինյանական իշխանությունը վաճառեց ու անհավասար մարտում միայնակ թողեց»:

Նորություններ