Հեղեղումներից զգալի վնասներ են կրել Աշոցք համայնքի Մուսայելյան գյուղի տնտեսությունները | Region

Հեղեղումներից զգալի վնասներ են կրել Աշոցք համայնքի Մուսայելյան գյուղի տնտեսությունները

Մայիս 28,2024 21:00

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի փողոցները: Գյուղամիջյան սելավատարի ջրերը դուրս են եկել հունից և լցվել տները, անասնագոմերը, նկուղները, ավտոտնակները: Գյուղի ամենացածրադիր հատվածում ջրի հոսքը կանգնեցնել, ըստ բնակիչների, հնարավոր չի եղել: Պատմում են, որ հազիվ են հասցրել փրկել անասուններին, ջուրը քշել-տարել է նաև մշակաբույսերի ցանքերը, դաշտերի որոշ հատվածներում լճակներ են գոյացել:

Ամբողջ գյուղով են պայքարել ջրահոսքի դեմ, տոննաներով ջուր են դուրս մղել տներից, անասնագոմերից ու նկուղներից, բայց հաջորդ օրը նորից շինությունները լցվել են ջրով: Բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Վարդանյանը REGIONS TV-ին հայտնեց, թե ոչինչ էլ չի եղել: Բայց հակառակն էին փաստում բնակիչներն ու տեսախցիկը: Գյուղացիներն ավազ են կրում, լցնում տների առջև, որպեսզի շինությունները պաշտպանեն սելավաջրերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նորություններ