Ադրբեջանում գիշերը չեն քնում, ասում են՝ ձեր Սահմանադրության մեջ Արցախի մասին տող կա. ԱԺ պատգամավոր | Region

Ադրբեջանում գիշերը չեն քնում, ասում են՝ ձեր Սահմանադրության մեջ Արցախի մասին տող կա. ԱԺ պատգամավոր

Հունվար 25,2024 11:16

Ադրբեջանը չի ձգտում Հայաստանի հետ որևէ համաձայնագիր կամ պայմանագիր կնքել: Նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Բաքուն, ըստ Նազարյանի, ուզում է ձգել այս անորոշությունը՝ ժամանակը հօգուտ իրեն օգտագործելու համար:

«Մեզ հետ մեր հարևանը հաշվի կնստի այն ժամանակ, երբ մենք պատրաստ լինենք դիմակայել ցանկացած ոտնձգության»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար վտանգավոր է Բաքվի հետ որևէ փաստաթուղթ կնքել առանց որևէ միջնորդի, այդ փաստաթուղթը կլինի առոչինչ:

Ինչ վերաբերում է էսկալացիայի վտանգին, որի մասին Արարատ Միրզոյանը խոսեց վերջին ասուլիսում, Նազարյանն ընդգծեց՝ որևէ հիմք չկա խոսելու նոր էսկալացիայի մասին:

«Պետությունը պարտավոր է անդադար պատարստ լինել ցանկացած ոտնձգության, բայց դրա մասին չի կարելի անդադար բարձրաձայնել: Հայաստանի իշխանության դաշնակիցը, ցավոք, դարձել է պատերազմի վտանգը, իրենք հաշվել են, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին խաղաղության, ընդդիմությանն էլ պատերազմի սիմվոլ է ընկալում»,-ավելացրեց պատգամավորը:

Նոր Սահմանադրություն ունենալու վարչապետի առաջարկի մասին պատգամավորն ասաց՝ Ադրբեջանի պահանջն է. «Ադրբեջանում գիշերը չեն քնում, անհանգիստ են, ասում են՝ ձեր Սահմանադրության մեջ Արցախի մասին տող կա, այդ բառը հանենք, որ իմանանք Արցախի պահանջատիրությամբ հանդես չեք գալու»:

Նորություններ