«Շարժման մեջ տեսնում եմ սխալները սրբագրելու միտումը». Սալբի Պոշկէզէնեան | Region

«Շարժման մեջ տեսնում եմ սխալները սրբագրելու միտումը». Սալբի Պոշկէզէնեան

Մայիս 30,2024 11:28

«Շարժման մեջ տեսնում եմ սխալները սրբագրելու միտումը… ես հավատացած եմ, որ Սրբազան շարժումը նաև սրբազան ավարտ կունենա»: Այս մասին ՌԵԳԻՈՆTV-ի հետ զրույցում հայտնեց մանկավարժ, պատմաբան Սալբի Պոշկէզէնեանը:

Նա Նիդեռլանդներից Հայաստան է վերադարձել տարիներ առաջ, և այժմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շարքերում է:

1988թ.-ին սկսված Արցախյան շարժման ընթացքում ուսանող է եղել, սովորել է Երևանի պետական համալսարանում: «88-ի շարժման հայությունը այլ հայություն էր. կեղծ, դրսից ներմուծված, հետին նպատակներով շարժում չէր: Այն ազնիվ, մաքուր, հայրենասիրական շարժում էր»,-ասում է նա:

Սալբի Պոշկէզէնեանը, հիշելով 2018-ի իրողություններն ու դրանց արդյունքները, այն անվանում է ցեղասպանության շարունակություն: Ասում է՝ այն ինչ կատարվեց հայ ազգի հետ վերջին տարիներին, ոչ այլ ինչ է, քան ազգային, հոգևոր թաղում: Սալբիի խոսքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն է, որ ժողովրդին պետք է հանի մահամերձ վիճակից և հարություն տա:

Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների պարտականությունների և իրավունքների մասին  բազմաթիվ հակասական կարծիքների տարածման ֆոնին, Սալբին կարծիք է հայտնում, որ ազգային եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է պաշտպանել ժողովրդին: «Մեր հոգևոր հովիվը պարտավոր է ժողովրդին դուրս հանել այս տիղմից»,-շարունակում է պատմաբանը:

Սալբին վստահ է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը կհասնի իր նպատակին: «Եթե ոտքի չկանգնենք, հայությունը կոչնչանա, սա վերջին հույսն է»:

Հայրենիքից երկար տարիներ հեռու ապրած Սալբին ասում է՝ զարմացած է այն փաստից, որ մարդիկ տանը նստած են, երբ հայրենիքը կորչում է, ոտքի տակից գնում: «Ով ցավ է ապրում հայրենիքի համար, պարտավոր է միանալ շարժմանը»,-եզրափակում է Սալբի Պոշկէզէնեանը:

Անի Ղևոնդյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ