Այն ինչ կատարվեց Սարդարապատում մայիսի 28-ին, անջնջելի խարանեց հայ ոստիկանի պատիվը. Հունահայոց թեմ | Region

Այն ինչ կատարվեց Սարդարապատում մայիսի 28-ին, անջնջելի խարանեց հայ ոստիկանի պատիվը. Հունահայոց թեմ

Մայիս 30,2024 13:05

Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին շրջանառության մեջ դրվեց Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք դաշնագրի նախագիծը։ Վրա հասած թուրք-հայկական պատերազմի և խորհրդային կարգերի հաստատման պատճառով այն չգործադրվեց։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ եկեղեցու հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Խորեն Վրդ. Առաքելյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սակայն այդ դաշնագիրը խտացրած կերպով արտահայտում էր Հայ Եկեղեցու և նրա Գահակալի նկատմամբ պետական համակարգի խտացված արժեքային և գիտակցված մոտեցումը։

Պետական ողջ համակարգի նման մոտեցումն արդյունք էր այն մեծ տեղին ու դերին, որ ունեցել են Ամենայն Հայոց կաթողիկոսները հայ ժողովրդի կյանքում։ Այդ դաշնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախամեծարությունը ազգային-եկեղեցական հարցերում, տրամադրել վարչական-զինվորական ուժ՝ Նորին Վեհափառության պաշտպանության համար, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձը հռչակված էր ՍՈՒՐԲ և ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻ։

Այն ինչ կատարվեց Սարդարապատի հուշահամալիրում ս/թ․ մայիսի 28-ին, անջնջելի խարանեց հայ ոստիկանի պատիվը և միայն սեփական մեղքի գիտակցումն ու դրա հանրային խոստովանությունը կարող են ջնջել այն դատապարտության խարանը, որ սեփական ձեռերով իրենք իսկ դրեցին ճակատներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր բոլոր արգելողները՝ հրաման տվողներից մինչև կատարողներ, դրսևորեցին տաճիկի նենգամտություն ու ավազակային խմբերին հատուկ դավաճանություն։ Նմանները արտաքին թշնամուց ավելի վտանգավոր են, նրանք դասալիք են՝ բառի ուղղակի և խորհրդանշական իմաստներով։

Դատապարտելով կատարվածը աղոթում ենք, որ Աստված ապաշխարության շնորհ տա վերոհիշյալ մեղսագործներին և զղջման հոգով դառնալու միասնականության, սիրո ու համերաշխության օրակարգին, ի բարօրություն ազգիս հայոց և ի զորացումն երկրիս ու եկեղեցուս:

Նորություններ