Մեծ Մասրիկում ծնվել է Քաշաթաղից տեղահանված ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում՝ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Նորածինը տղա է, ծնվել է 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Նա ունի 2 եղբայր և 6 քույր։
Բազմազավակ ընտանիքը տեղափոխվել է Քաշաթաղի շրջանից 2020 թվականին, սկզբում բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում։
2 տարի անց, տեղափոխվել են Մեծ Մասրիկ գյուղ՝ համեմատաբար ավելի լավ պայմաններով բնակարան՝ «Փարոս» հիմնադրամի օգնությամբ։
20 և 18 տարեկան դուստրերն ամուսնացել են: Հիմա ընտանիքի ավագ երեխան 15-ամյա Անին է, ով տեղափոխվել է 10-րդ դասարան։ Տան պայմաններից գոհ են։ 9 երեխաներից 4-ը հաճախում են Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տարբեր դասարաններ։
Ընտանիքի հայրը՝ Արմենը, արևային էներգիայի ենթակայանում է աշխատում: Օգտվում են պետական աջակցության ծրագրերից։
Հարցին, թե դժվար չէ՞ արդյոք և կարողանու՞մ է հասցնել, տանտիկինը՝ Աննան, պատասխանեց, որ իհարկե դժվար է, բայց չի նեղվում, հաճույքով է խնամում իր զավակներին, իսկ բոլոր հարցերում, հատկապես նորածին Արմենին խնամելու գործում էլ օգնում են իր աղջիկները։
Հայկական ընտանիքներին խորհուրդ է տալիս շատ երեխաներ ունենալ։ «Որպեսզի մեր ազգը շատանա»,- եզրափակում է Աննան:
Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)