Ինչով էր պայմանավորված ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը. պարզաբանում է ԿԲ նախագահը
Ռուբլու փոխարժեքի՝ հունիսի 13-ի առավոտյան նկատված կտրուկ, բայց կարճաժամկետ անկումը պայմանավորված է եղել Մոսկվայի բորսայի՝ պատժամիջոցների տակ հայտնվելու հանգամանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:
Պատգամավորը նկատեց՝ ռուբլին առավոտյան կտրուկ անկում էր ապրել, հետո վերականգնվեց: Թունյանը հետաքրքրվեց պատճառներով ու խնդրի կարևորությամբ:
ԿԲ նախագահը դա կապեց Մոսկվայի բորսայի՝ պատժամիջոցների ցուցակում հայտնվելու հետ: «Ռուսական ՏՏ ընկերություններ, մեծ բանկեր. ցանկն ընդլայնվել է, որի արդյունքում տնտեսավարողները, որոնք գիտեին բորսայով աշխատելու ճանապարհը, ըստ էության կորցրել են այդ խարիսխը: Եվ կարճաժամկետ ռիսկի արտացոլումը տեղ է գտել փոխարժեքի մարժայի ընդլայնման մեջ: Ոչ ոք չի ցանկացել ստանձնել ռիսկ՝ առանց հասկանալու, թե դրա հետ ինչ կարող է անել ապագայում»,-ասաց Գալստյանը:
ԿԲ նախագահի տեղեկությամբ՝ ռուբլու հետ կապված իրավիճակը բավականին շտկվել է:
Հունիսի 13–ի առավոտյան Հայաստանում նկատվել էր ռուբլու փոխարժեքի կտրուկ անկում: Մի շարք բանկերում ռուսական ռուբլու գնման փոխարժեքը հասել էր ընդհուպ 2 դրամի: Այս պահի դրությամբ գրեթե վերականգնվել է, Հայաստանի առևտրային բանկերում ռուբլու առքը միջինում 3.90 դրամ է: