Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Գյումրի | Region

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Գյումրի

Հունիս 15,2024 21:37
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Այդ մասին ասված է Գյումրու համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում։
«Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։
Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։
Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյան կարևորել է քույր քաղաքների համագործակցությունը, հակիրճ ներկայացրել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները, գործունեության ոլորտները, տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, խոսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում մինչ այս Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին:
«Սուբենցիոն ծրագրի շրջանակներում մեր բոլոր համայնքապատկան կառույցներում տեղադրել ենք արևային վահանակներ, ԵՄ ֆինանսավորմամբ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում էլեկտրական ավտոբուսներ ենք ձեռք բերելու և շահագործելու ենք ներքաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում։ Այս մեքենաների շահագործումը մեզ համար կլինի պիլոտային։ Հետագայի համար պլանավորում ենք քաղաքի տրանսպորտային ցանցը փոխարինել էլեկտրական ավտոբուսներով, տեսնենք ինչպիսի հնարավորություններ կունենանք, երբ կկարողանանք իրականացնել այդ ամենը»,- ավելացրել է Վարդգես Սամսոնյանը։
Էլեն Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել Գյումրի-Գլենդել քույր քաղաքների, համագործակցությունների և մի շարք հարցերի մասին, ապա իր խոսքում կիսվել կայուն էներգիայի ոլորտում Գլենդելի ունեցած փորձով, ներկայացրել այդ ուղղություններում Գլենդելում իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով»,- նշված է գրառման մեջ։

Նորություններ